Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն հայտարարում է՝ «Sea Breeze 2021 զորավարժությունների սցենարի հիմքում Ղրիմի բռնակցումն է»


30-ից ավելի ռազմանավ, 40 ռազմական ինքնաթիռ, տասնյակ ուղղաթիռներ և շուրջ հինգ հազար զինծառայող՝ աշխարհի չորս մայրցամաքներում գտնվող 32 պետություններից․ սա է Ուկրաինայի հարավում ընթացող Sea Breeze- 2021 զորավարժությունների մասնակիցների ոչ ամբողջական ցանկը։

Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից կազմակերպված զորավարժությունների պաշտոնական մեկնարկը ազդարարվել էր հունիսի 28-ին՝ Օդեսայում։ Երեկ արդեն, Նիկոլաևի մարզում, մեկնարկեց զորախաղերի ակտիվ փուլը, որին ՆԱՏՕ-ի անդամ 17 պետություններից բացի մասնակցում և աջակցում են նաև դաշինքի գործընկեր պետությունները՝ Հարավային Կորեայից ու Իսրայելից մինչև Մարոկո և Սենեգալ։

ՆԱՏՕ-ի հրամանատարությունը, որպես զորավարժությունների պաշտոնական սցենար, ընտրել է 2014 թվականին գարնանը Ղրիմում ծավալված իրադարձությունները, երբ Ռուսաստանի ԶՈւ հաշված օրերի ընթացքում լիակատար վերահսկողություն սահմանեցին թերակղզու տարածքի հանդեպ։

Հաշվի առնելով յոթնամյա իրադարձությունների փորձը՝ զորավարժությունների կազմակերպիչներն այժմ հիմնական շեշտը դնում են ծովում և ծովափնյա շրջաններում իրականացվող հատուկ գործողությունների վրա։

Հենց այդ պատճառով է, որ, ըստ ՆԱՏՕ-ի զինվորականների, Sea Breeze 2021 զորավարժություններում ընդհանուր առմամբ 18 հատուկ նշանակության ջոկատ է ներգրավված։ Խոսքը թե՛ դեսանտային ստորաբաժանումների, թե՛ ջրասուզակների հատուկ խմբերի մասին է։

«Ակնկալում ենք, թե օդային դեսանտի կիրառում, և թե ծովային դեսանտի ափհանում», - լրագրողների հետ զրույցում նշում էր զորավարժություններում ներգրավված ռազմաօդային ստորաբաժանումների հրամանատար Անատոլի Գլինենկոն։

Sea Breeze 2021 զորավարժությունների գլխավոր առանձնահատկություններից մեկը դրանցում արևմտյան առաջատար բանակների ամենամարտունակ ստորաբաժանումների մասնակցությունն է։ Այսպես, զորավարժությունների ակտիվ փուլի առաջին օրը իրենց կարողությունները ցուցադրեցին Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերն, այդ թվում՝ չորրորդ սերնդի Eurofighter Typhoon տեսակի կործանիչները։

«Հիանալի է, որ մենք այլ երկրների մեր գործընկերների փորձին ծանոթանալու նման հնարավորություն ունենք։ Ծանոթանում ենք այլ պետությունների ռազմական ինքնաթիռներին: Հետագայում ևս նրանց օգնությամբ նոր գիտելիքներ կստանանք», - նշում էր զորավարժությունների ուկրաինացի մասնակիցների մեկը՝ ռազմական ուղղաթիռի օդաչու Վիկտոր Կոբրինսկին։

Թեև զորավարժությունների սցենարի հիմքում Ղրիմում 2014 թվականին ծավալված իրադարձություններն են, այնուհանդերձ, ուկրաինական բանակի և ՆԱՏՕ-ի հրամանատարները զուտ պաշտպանական գործողություններով չեն սահմանափակվում։ Ուկրաինայի ՊՆ տեղեկություններով՝ այսօր առավոտյան Ղրիմի անմիջական հարևանությամբ մեկնարկել են հատուկ ջոկատայինների վարժանքները։ Ամերիկացի ծովային հետևակայինները, ուկրաինացի դեսանտայինների ու սահմանապահների, ինչպես նաև վրաց ու մոլդովացի զինծառայողների հետ միասին վարժանքներ են իրականացրել «Օլշանսկիե Պեսկի» տեղանքում։

Ուկրաինայի ռազմական գերատեսչության հաղորդմամբ՝ զորավարժությունների սցենարի համաձայն ուկրաինացիներից և դաշնակից պետությունների զինվորականներից կազմված հատուկ նշանակության ջոկատը ներթափանցել է հակառակորդի թիկունք՝ ռազմական մի շարք օբյեկտներ և կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներ ոչնչացնելով։

Բնական է, որ ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող նման գործողությունները պաշտոնական Մոսկվային չնյարդայնացնել չեն կարող։ Մոսկվայի նման դժգոհության ամենավառ դրսևորումները դարձան Sea Breeze զորավարժություններին մասնակցելու նպատակով Սև ծովի ավազան մուտք գործած բրիտանական Defender հածանավի և նիդերլանդական Evertsen ֆրեգատի հետ տեղի ունեցած վերջին միջադեպերը։ Դրան էլ գումարած, ռուսական կողմը Սև ծովում սեփական, առայժմ ոչ լայնածավալ զորախաղերն է նախաձեռնել։

Ռուսաստանի Սևծովյան նավատորմի այսօր տարածած հաղորդագրության համաձայն, դեսանտային երկու նավեր՝ «Սարատովը» և «Օրսկը» հրետանու կիրառմամբ զորավարժություններ են անցկացրել, որոնց թիրախում են եղել ինչպես օդային, այնպես էլ ծովային մի շարք պայմանական օբյեկտներ։

XS
SM
MD
LG