Մատչելիության հղումներ

Նոր խորհրդարանում ՔՊ-ը չի ունենա մանդատների 2/3-ը


8-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում ձայների մոտ 54 տոկոսը ստացած «Քաղաքացիական պայմանագիրը» չի ունենա պատգամավորական մանդատների ⅔-ը, որն անհրաժեշտ է հանրաքվե նշանակելու, սահմանադրական փոփոխություններ իրականացնելու կամ նախագահին պաշտոնանկ անելու համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները, ստացվել է 107 հոգանոց խորհրդարան, որտեղ «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 71 մանդատ, իսկ 71-ը 107-ի ⅔-ը չի կազմում։

«Ստացվում է ⅔-ից մի քիչ պակաս, որովհետև տվյալ պարագայում օրենքն, ըստ էության, ոչ թե խնդիր է դնում, որ երկու կողմերը մեկը պետք է ստանա պարտադիր ⅓, մյուսը պետք է ստանա ⅔, այլ օրենքի մոտեցումը հետևյալն է` մյուս կողմը ստանում է այնքան, որ ⅓-ից պակաս չլինի», - ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ հաշվարկում է, թե քանի ուժ է անցնում խորհրդարան, ապա սկսում է բաշխել մանդատները, նվազագույնը 101 մանդատին գումարվում է 4 ազգային փոքրամասնությունների մանդատ, ստացվում է, որ նոր Ազգային ժողովը պետք է ունենար 105 պատգամավոր: Համապատասխան բանաձևով «Քաղաքացիական պայմանագիրը» ստանում է 71 մանդատ, ընդդիմադիրները միասին` 34 մանդատ, սակայն ինչպես մեկնաբանում է Տիգրան Մուկուչյանը, առաջ է գալիս մեկ այլ խնդիր` օրենքի պահանջով ընդդիմադիրները պետք է ունենան ընդհանուր մանդատների թվի ⅓-ից ոչ պակաս աթոռ խորհրդարանում։

«Մյուս կուսակցություններին տրվում է, կամ նրանք ստանում են այնքան լրացուցիչ թվով մանդատներ, որպեսզի ընդհանուր թիվը լինի Ազգային ժողովի ընդհանուր թվի մանդատների ⅓-ից ոչ պակաս: Եվ նշվածի հաշվառմամբ նորից համապատասխան բանաձևն էր կիրառվել, և արդյունքում ստացվել են այն մանդատները, որոնք ամրագրվել են որոշման մեջ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը` 29 մանդատ և «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ», - մանրամասնեց ԿԸՀ նախագահը:

«Հայաստան» դաշինքը 27-ի փոխարեն ստանում է 29 պատգամավոր ունենալու հնարավորություն։ Ստացվում է, որ նոր խորհրդարանում ընդդիմությունն ունի մանդատների ⅓-ը, իսկ իշխանությունը չունի ⅔-ը. «Հիշյալ իրավանորմերի կիրառման արդյունքում մենք ստանում ենք այն բաշխված մանդատների քանակը, որն ամրագրվել է մեր օրենսդրությամբ: Ստացվում են այն թվերը, որոնք ես հրապարակեցի», - նշեց Մուկուչյանը:

Օրենսդրական սխալ կամ բագ, ստեղծված իրավիճակը այդպես է մեկնաբանում գործող խորհրդարանի Պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը. «Օրինակ` զույգ թվերի պարագայում խնդիրը լուծվում է, կենտ թվերի պարագայում բաց է մնում, բացը պետք է, այո, լրացնել օրենսդրության մեջ: Ես այդուհանդերձ, գտնում եմ, որ զուտ մաթեմատիկական մոտեցումն այս հարցի վերաբերյալ լավագույնը չէ, մենք պետք է առաջնորդվեինք նաև համակարգված օրենսդրությունը վերլուծելու տրամաբանությամբ, բայց միաժամանակ նաև եթե շատ լեգալիստական մոտեցում դրսևորենք, ապա պետք ասենք, որ նաև օրենսդրական խութերը և խնդիրները թույլ չեն տվել, որպեսզի մենք այս հարցում վերջնական որոշում ունենանք»:

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել ու նշել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն: Ստացվում է փաստորեն, որ չի՞ ունենա, հետաքրքրվեցինք Վարդանյանից։

«Սահմանադրական մեծամասնություն լայն իմաստով եթե մենք մեկնաբանում ենք և սահմանադրական օրենսդրության ընդունման հետ կապված ենք ասում, ապա տվյալ պարագայում մենք ունենք ⅗, և ⅗-ը բավարար է, որպեսզի արձանագրենք սահմանադրական մեծամասնության առկայությունը: Եթե խոսքը վերաբերում է սահմանադրական օրենսդրության ընդունմանը», - պատասխանեց Վարդանյանը:

Սահմանադրական օրենքները կկարողանան փոխել առանց ընդդիմադիր գործընկերների հետ համագործակցության, ասում է Վարդանյանը ու շտապում ավելացնել, որ այնուամենայնիվ, ինքը կողմ է համագործակցելուն բոլոր հարցերում. «Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը միշտ փորձել է նաև կոնսենսուս գտնել մյուս խորհրդարանական ուժերի հետ սահմանադրական օրենսդրության հետ կապված` հաշվի առնելով այդ օրնեսդրության կարևորությունը երկրի զարգացման համար: Սա այն հարթակն է, որտեղ, ըստ էության, վեճը վերածվում է քաղաքական բանավեճի, և քաղաքական բանավեճի շրջանակներում յուրաքանչյուր արգումենտ չափազանց կարևոր է»:

Չնայած կառուցողական տրամադրությանը` Վարդանյանն ասում է, որ բագը հայտնաբերված է, և պետք է փորձեն խնդիրը վերացնել արդեն հետագա խորհրդարանների համար։ Վարդանյանը չի բացառում, որ անգամ կարող է դիմեն Սահմանադրական դատարան։

XS
SM
MD
LG