Մատչելիության հղումներ

Ինչ նպատակով է Փաշինյանը հանդիպում անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի ղեկավարների հետ


«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և վարչապետի պաշտոնական Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կառավարությունում։

Իրեն ու կուսակցությանը պաշտոններ չի առաջարկվել, «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց երկու օր առաջ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Ուրեմն ինչի՞ համար է Փաշինյանը նախաձեռնել խորհրդարան չանցած ուժերի հետ քննարկումները։ Ըստ Սարգսյանի, արտախորհրդարանական ուժերի հետ համերաշխություն ձեռք բերելու՝ ԱԺ-ում հայտնված ընդդիմությանը հակակշռելու համար։

Իսկ եթե պաշտոնների առաջարկ լինի, ասաց, դեմ չեն լինի. - «Վարչապետը, իմ կարծիքով, ինչքան ես եմ պատկերացնում, ուզում է Հանրային խորհրդի նման ինչ-որ կառույց ձևավորել՝ արդեն քաղաքական ուժերով, որոնց հետ ինքը ամիսը մեկ կհանդիպի, որոնք ուղիղ կարող են քննադատել իրեն, առաջարկություններ անել և այլն, ինչը ես համարում եմ շատ դրական։ Եթե էդ քննադատությունից իշխանությունը հետևություն կանի, չարվի ուղղակի գալոչկա դնելու համար»։

Ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու իրավունք ստացած ՔՊ-ի վարչապետի թեկնածու Փաշինյանը նախորդ երկու օրերին խորհրդարան չանցած ուժերի ներկայացուցիչների հետ 12 հանդիպումներ է անցկացրել։ Ինչպես նշում էր՝ գտնելու մի ձևաչափ, որ արտախորհրդարանական ուժերը և կառավարությունը միմյանց լսեն։ Արտահերթին 25 ուժ է մասնակցել, խորհրդարանում երեքը ներկայացված կլինեն՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները։ Բայց հանդիպման հրավերներ խորհրդարան չանցած ոչ բոլոր ուժերին են հղվել։ Օրինակ, ՀԱԿ-ին, որի ղեկավարը Փաշինյանին սպառնալիք էր համարել Հայաստանի համար։ Կուսակցության խոսնակ Արման Մուսինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վարչապետի պաշտոնակատարից քննարկումների պաշտոնական առաջարկ չեն ստացել։

Փոխարենը հանդիպման հրավեր էր հղվել 0,39 տոկոս ձայն ստացած, Դեմկուսի ընտրական ցուցակը գլխավորած, անկուսակցական Տիգրան Արզաքանցյանին, որը ընտրություններին չմասնակցեց գրացումը անվավեր ճանաչելու պատճառով։ Համագործացության հարցը, ասաց Արզաքանցյանը, կուսակցությունում պետք է քննարկեն։ Ինքը՝ Արզաքանդյանը իրեն մի՝ երկրի վարչապետի պաշտոնում է պատկերացնում, եթե՝ ոչ, կուզեր գոնե գաղափարներով օգնած լինել այս իշխանությանը՝ կրթության ու տնտեսության առաջընթացից մինչև արցախյան հարց։ Ունի նշակված, պատրաստ ծրագրեր։ - «Եթե նշանակեն վարչապետ, էտի ուրիշ բան ա, բայց իրանք վարչապետի թեկնածությունը ունեն։ Թե չէ սենց թողենք, ո՞ւր կգնա... Կառավարությանը պետք են արհեստավարժ մարդիկ, ես ինձ արհեստավարժ մարդ եմ համարում տարբեր ոլորտներով։ Եթե մի բանով կարամ պիտանի լինեմ իմ հայրենիքին, խի՞ պտի ես նազուտուզ անեմ, կամ թողեմ անփորձ մարդիկ էլի նորից փորձանք բերեն»։ Ընտրությունների արդյուքները ընդունած «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ դեռ պարզ չի արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ի՞նչ ֆորմատ է պատկերացնում վարչապետի պաշտոնակատարը։ Երբ կստեղծվի, կքննարկեն։

Պաշտոնի առաջարկ, պնդեց Մարուքյանը, հանդիպման ժամանակ չի հնչել։ Երբ իշխանությունը 54 տոկոս ձայն է ստացել, ինքը կոալիցիաների իմաստ չի տեսնում։ - «Հենց հիմա ես աշխատանք չեմ փնտրում։ Ասում աէ ես մուրճով էկել եմ, ու մուրճը հաղթել ա ամեն ինչին, մանգաղն էլ մի քիչ ցածր։ Մուրճը համերաշխությանը հաղթել ա, մեր օրակարգը պարտված ա»։

Մինչ անհայտ է, թե այս հանդիպումները արդյոք կշարունակվեն ու արտախորհրդարանական ուժերի հետ շփումների ինչ-որ ձևաչափ կգտնվի, Փաշինյանին հանդիպած «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ասում է՝ պատրաստ են համագործակցել իշխանությունների հետ, բայց ոչ այդ ֆորմատում, արդյունավետ չեն համարում. - «Ես Տիգրան Ուրիխանյանի կամ Էդմոն Մարուքյանի հետ նույն սեղանի շուրջը չեմ կարող քննարկումների մասնակցել, որովհետև Հայաստանի ապագայի շուրջ մեր պատկերացումները արմատապես տարբեր են։ Հետևաբար ես կարծում եմ, որ մենք գաղափարական ընդհանրություն պիտի փնտրենք»։

«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը Արթուր Վանեցյանը երեկ հայտարարել էր, որ Փաշինյանի հետ հանդիպելու հրավեր չեն ստացել։

Խորհրդարան անցած մեծությամբ երկրորդ ուժի՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյան փոխանցմամբ՝ Փաշինյանից համագործակցության առաջարկ չեն ստացել։ Ստացածների ու հանդիպման գնացածների մասին Հակոբյանը խիստ բացասական կարծիք է. – «Աստված չանի իրա կողմից մենք ստանանք առաջարկ։ Ինքը մեր համար դիտարկվում ա որպես թշնամի. Հենա տեսաք էլի ովքեր գնացին իրա հետ ձեռը սեղմեցին։ Այդ թվում շատերը գոռում էին, իրան էլ են չէ ասել՝ ազգի դավաճա՜ն, թշնամի՜... բա ո՞նց ա տենց ստացվում։ Այսինքն՝ իրանց համար առոթի պատերա՞զմ էր սա։ Այո»։

Երեկ ու առաջին օրը վարչապետի պաշտոնակատարը ինտենսիվ հանդիպումներ էր անցկացնում խորհրդարան չանցած ուժերի հետ, այսօր՝ ոչ։ Արդյո՞ք շարունակական են լինելու այդ դրանք ու ո՞ր ուժերի հետ։ Կառավարությունից միայն փոխանցեցին՝ այլ հանդիպումներ լինելուն պես կտեղեկացնեն։

Որոշ փորձագետներ այս հանդիպումները ձևական են որակում՝ 2008-ի արյունալի իրադարձություններից հետո իշխանության նախաձեռնությամբ ստեղծված Հանրային խորհրդի հետ շատ նմանություններ տեսնելով։

XS
SM
MD
LG