Մատչելիության հղումներ

Մտածված սցենար է եղել՝ կա՛մ պետք է Քոչարյանին ընտրես, կա՛մ Փաշինյանին. Լևոն Զուրաբյան


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» տաղավարում, 29-ը հունիսի, 2021թ.

«Ազատության» հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը անդրադառնում է ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին, որոնց համաձայն ՀԱԿ-ը ստացավ 19.6 հազար քվե՝ դուրս մնալով խորհրդարանից։

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

Լևոն Զուրաբյան - Ամենակարևոր հնարքը, որը փաստորեն օգտագործեցին Փաշինյանն ու իր թիմը, դա այն էր, որ իրենք հասկացան, որ այս նվաստացուցիչ պարտված պատերազմում իրենք որևէ ելք չունեն վերարտադրելու, քան ասպարեզ բերելու այնպիսի հրեշային մի այլընտրանք` ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, որից ժողովուրդը վախենալով` կքվեարկի իրենց կողմը, և դա արեցին շատ հետևողական ձևով` կամաց-կամաց աճեցնելով Ռոբերտ Քոչարյանին, տալով նրան հնարավորություններ մաքրվելու:

Այդ ամբողջ գործընթացը գիտեք, ես, օրինակ, կարող եմ Ձեզ ասել, որ Մարտի 1-ի գործի դատավարության ամենասկզբում մենք անգամ համագործակցում էինք իշխանության հետ: Ինչի՞ համար, որովհետև ակնհայտ էր, որ պետք էր ցույց տալ ժողովրդի ցասումը Ռոբերտ Քոչարյանի այդ ջանքերի դեմ: Եվ մենք դա պայմանավորված և միասնաբար արեցինք, բայց հետո մենք տեսանք, որ իշխանությունը լրիվ այլ կուրս է հետապնդում:

«Ազատություն» - Պայմանավորված իշխանությունների՞ հետ:

Լևոն Զուրաբյան - Հա, իշխանությունների հետ, հետո մենք տեսանք, որ իշխանությունը լրիվ այլ կուրս է հետապնդում, որի գլխավոր ապացույցը հետևյալն է. ուրեմն մարտի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է արտահերթ ընտրությունների մասին, որ դրանք տեղի կունենան հունիսի 20-ին, ուղիղ 6 օր հետո` մարտի 26-ին, Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում, որով արդարացնում է Ռոբերտ Քոչարյանին և նրան մաքրում, փաստորեն, Մարտի 1-ի բոլոր մեղադրանքներից` լրիվ բացելով իր համար շռնդալից ճանապարհը դեպի այս ընտրությունները: Այս ամեն ինչը երբ համադրում ես իրար հետ, տեսնում ես, որ սա մտածված սցենար է եղել` պահպանելու Նիկոլ Փաշինյան-Ռոբերտ Քոչարյան այդ` իբր սև-սպիտակ, իբր ինքը պայքարում է մաֆիոզների դեմ, այդ երկընտրանքի պատրանքը, ժողովրդին մտցնել դրա մեջ և դնել անելանելի երկընտրանքի առաջ` կա՛մ պիտի հրեշին ընտրես, կա՛մ պիտի ընտրես Նիկոլ Փաշինյանին:

«Ազատություն» - Այս տարի քվեարկությանը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մասնակցել է 1 միլիոն 281 հազար քաղաքացի, 18 թվականի դեկտեմբերին` 1 միլիոն 261 հազար: Դուք ասում եք` ընտրացուցակներն ուռճացված են, և միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ նույն քանակի մարդիկ են գրանցված եղել և մասնակցել, գրեթե նույն քանակի, ինչ 18 թվականին, ինչ այս տարվա խորհրդարանական ընտրություններին, այսինքն` 2 միլիոն 591 հազար գրանցված էր 18 թվականին և հիմա: 18 թվականին Հայ ազգային կոնգրեսը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին «Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, առավել նշանակալի է, որ քոչարյանա-սերժական բռնապետության վերջնական տապալումը տեղի ունեցավ լիովին ազատ և դեմոկրատական ընտրությունների միջոցով»:

Լևոն Զուրաբյան - Այն ժամանակ համոզիչ էր, ողջունեցինք:

«Ազատություն» - Եթե նույն քանակի մարդիկ էին գրանցված և ըստ էության, մասնակցեցին ընտրություններին, ինչո՞ւ այն ժամանակ ցուցակները ուռճացված չէին, ինչո՞ւ են հիմա ուռճացված: Դուք այն ժամանակ շնորհավորում եք, ոչինչ չեք նշում ուռճացված ցուցակների մասին, հիմա մասնակցել եք ընտրություններին, չեք անցել Ազգային ժողով...

Լևոն Զուրաբյան - Շատ լավ հարց է, թույլ է տալիս իսկապես այս իրողությունը մեր ժողովրդի համար բացահայտել: Այն, որ ընտրական ցուցակները ամենակեղտոտ բաղադրիչն են այսօրվա ընտրությունների, դա բոլորը գիտեն, բոլորը գիտեն ու հասկանում են, որ Հայաստանում չկա 2.5 միլիոն ընտրող: Ու հիմա ասում են` 50 տոկոս է եղել, պարզ է, որ 50 տոկոս չի եղել, որովհետև տարբեր գնահատականներով` մի 700-800 հազար մարդ բացակայում է Հայաստանից` այդ ընտրական ցուցակներից: Հետևաբար, իրական մասնակցությունը բնական չի եղել, իրականում շատ բարձր է եղել: Հարցը հետևյալն է, Դուք ասում եք` բա ինչո՞ւ այն ժամանակ կոպիտ ասած` մունաթ չեկաք իշխանությունից, թե իրենք ինչու չէին մաքրել այդ ցուցակները: Երկու պարզ պատասխան ունի դա, երկու պարզ հանգամանք կա: Համար մեկ` իշխանությունները նոր էին արել թավշյա հեղափոխությունը, նրանց ձեռքը չկար պառլամենտ, և բնական է պահանջել իշխանությունից, որ իրենք, ունենալով այդ ռոբա-սերժական պառլամենտը հին, այդ պառլամենտով անցկացնեին ցուցակների մաքրում, դա կլիներ, կներեք, բացարձակապես անհիմն մի պահանջ, որովհետև իսկապես այնտեղ շատ կխանգարեին այդ պրոցեսին, ինչ ասես` իրենց գլխին կբերեին և այլն:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG