Եվրամիության գագաթնաժողովը չի ընդունել Ռուսաստանի ղեկավարի հետ համատեղ գագաթնաժողով անցկացնելու Գերմանիայի և Ֆրանսիայի առաջարկը:
Դրա վերաբերյալ բացասական կարծիք են հայտնել մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Լեհաստանը և Բալթյան երեք երկրները, որոնք պնդել են, որ «Արևմուտքի և Արևելքի ներկայիս հարաբերությունների պայմաններում Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Եվրամիության գագաթնաժողով գումարելու բուն փաստը քաղաքական սխալ ազդակ կհանդիսանա»:
«Մենք անդրադարձանք նաև Ռուսաստանի հարցին, քննարկումը բավական բարդ էր, մենք վերստին նշեցինք նախապայմանները, որոնք անհրաժշտ են Ռուսաստանի հետ շփվելու և համագործակցելու համար: Հիմա որոնում ենք համապատասխան ձևաչափը, հնարավոր չէր այսօր որոշել, որ պետք է անմիջապես հանդիպենք, բայց ինձ համար կարևոր է, որ մենք աշխատում ենք երկխոսության ձևաչափի վրա»,- ասել է Պուտինի հետ համատեղ գագաթնաժողովի գաղափարի համահեղինակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Եվրամիության և Ռուսաստանի վերջին համատեղ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2014 թվականի հունվարին: Այդ նույն տարվա գարնանը Ռուսաստանը բռնազավթել է Ղրիմը, դրանից հետո գագաթնաժողովներ չեն գումարվել: Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի նկատմամբ: