Մատչելիության հղումներ

Մերկելը Եվրամիության լիդերներին հորդորում է հանդիպել Պուտինի հետ


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Փարիզ, 9-ը դեկտեմբերի, 2019թ.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրոպական միության ղեկավարներին հորդորում է գագաթնաժողովի հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով Financial Times բրիտանական պարբերականին, հաղորդում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն աջակցություն է հայտնել Մերկելի այդ առաջարկին:

Երեկ Բրյուսելում Եվրամիության մշտական ներկայացուցիչների ժողովում այդ մասին հաղորդել են Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները:

Մի շարք երկրների պատվիրակներ դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ Բեռլինի և Փարիզի պատվիրակները հենց Եվրամիության գագաթնաժողովի նախօրեին են ներկայացրել նախաձեռնությունը:

Մերկելն այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդին պետք է առաջարկի ընդունելիք ամփոփիչ հայտարարության տեքստում մեղմել Ռուսաստանին առնչվող պարբերությունը և դրանում ներառել «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում Ռուսաստանի հետ ընտրովի կարգով համագործակցելու նպատակահարմարությունը»:

Ըստ Financial Times-ի, Բեռլինը և Փարիզը Եվրոպական հանձնաժողովին առաջարկում են Մոսկվայի հետ համագործակցել կլիմայի, ահաբեկչության դեմ պայքարի, տիեզերական ծրագրերի, առողջապահության, ինչպես նաև մի շարք արտաքին քաղաքական հարցերում, որոնք, մասնավորապես, վերաբերում են Իրանին և Սիրիային:

Financial Times-ը նշում է, որ Եվրամիությունը կարող է դրական նախադեպ համարել հունիսի 16-ին Ժնևում ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը, որն ընձեռել է երկու գերտերությունների հարաբերությունները բարելավելու հնարավորություն:

Մեծ առաջընթաց և առկա բազում տարաձայնությունների կարգավորում չի եղել, սակայն թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի ղեկավարներն ընդհանուր հաշվով դրական են գնահատել հանդիպումը:

Բրիտանական պարբերականի փոխանցմամբ, Գերմանիան և Ֆրանսիան անմիջապես Ժնևի գագաթնաժողովից հետո են խոսել Եվրոպական միության և Ռուսաստանի կապերը ճգնաժամից դուրս հանելու անհրաժեշտության մասին:

Բրյուսելում Եվրոպական միության գագաթնաժողովի օրակարգում են կորոնավիրուսի դեմ պայքարը, համավարակի հասցրած տնտեսական վնասի վերականգնումը, Ռուսաստանի, Բելառուսի և Թուրքիայի հետ հարաբերությունները:

Գագաթնաժողովին հրավիրված բարձրաստիճան հյուրերի թվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, որի հետ Եվրամիության 27 երկրների ղեկավարները պետք է քննարկեն «գլոբալ մարտահրավերները և աշխարհքաղաքական հիմնախնդիրները»:

XS
SM
MD
LG