Մատչելիության հղումներ

Իրանում հարձակման է ենթարկվել ևս մեկ միջուկային օբյեկտ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների ֆոնին` միջազգային մամուլը հաղորդում է Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող հերթական ռազմավարական նշանակության օբյեկտի դեմ հարձակման մասին։ New York Times-ի տեղեկություններով` չորեքշաբթի առավոտյան հարձակման է ենթարկվել Թեհրանից ոչ հեռու գտնվող գաղտնի գործարաններից մեկը, որը զբաղված էր ուրանի հարստացման համար անհրաժեշտ նորագույն գազային ցենտրիֆուգերի արտադրությամբ։

Ամերիկյան պարբերականի տեղեկություններով` Քարաջ քաղաքում գտնվող գործարանը հարձակման է ենթարկվել ոչ մեծ անօդաչու թռչող սարքի՝ այսպես կոչված քվադրոկոպտերի միջոցով։ Այս տեղեկությունը New York Times-ի թղթակիցների հետ զրույցում հաստատել են ինչպես իրանական աղբյուրները, այնպես էլ ամերիկյան հետախուզության բարձրաստիճան մի աշխատակից։ Նրանք փոխանցել են, որ հարձակման թիրախում հայտնված գործարանը ցենտրիֆուգեր էր արտադրում Նաթանզում և Ֆորդոյում գտնվող երկու հիմնական միջուկային կենտրոնների համար։

«Վերջին շրջանում Քարաջում գտնվող գործարանը խիստ ծանրաբեռնված էր աշխատում։ Բանն այն է, որ ապրիլինի Նաթանզում տեղի ունեցած մեկ այլ հարձակման հետևանքով հարյուրավոր ցենտրիֆուգեր շարքից դուրս էին եկել, և Իրանի ղեկավարությունը Քարաջում գտնվող գործարանի առջև խնդիր էր դրել՝ արագորեն փոխարինել ուրանի հարստացման համար անհրաժեշտ խափանված սարքավորումները նորերով», - գրում է New York Times-ը։

Թերթի տեղեկություններով` գործարանին հարվածած անօդաչու թռչող սարքը օդ է բարձրացել Իրանի տարածքից՝ ըստ ամենայնի հենց այն նույն շրջանից, որտեղ գտնվում է միջուկային այդ օբյեկտը։ Ցենտրիֆուգերի արտադրությամբ զբաղվող գործարանի դեմ իրականացված հարձակման փաստը Իսլամական Հանրապետության իշխանությունները հաստատեցին չորեքշաբթի երեկոյան։ Իրանի ատոմային էներգիայի ազգային գործակալությունը, սակայն, հայտարարեց, որ հարձակումը հնարավոր է եղել կանխել, տուժածներ չկան, իսկ գործարանը նյութական վնաս անգամ չի կրել։

New York Times-ին, ի դեպ, հաջողվել է պարզել, որ այս գործարանը այն թիրախների ցանկում էր, որ ներկայացվել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին 2020 թվականի սկզբին, երբ Սպիտակ տունը լրջորեն քննարկում էր Իրանի դեմ օդային հարվածներ հասցնելու տարբերակը։ Ըստ ամերիկյան թերթի` Թրամփին ներկայացված այս ցանկում էին նաև Նաթանզի միջուկային կենտրոնը, որ հարձակման ենթարկվեց 2021-ի ապրիլ ամսին, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի ղեկավարներից մեկը՝ ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեն, որ սպանվեց նախորդ տարվա նոյեմբերին, մի շարք տեղեկությունների համաձայն` իսրայելական հատուկ ծառայությունների կողմից։

Բայց չնայած Իրանի միջուկային ծրագրի շուրջ պահպանվող ընդհանուր նյարդային մթնոլորտին` Թեհրանում պնդում են, որ Վիեննայում շարունակվող բանակցություններում լուրջ առաջընթաց է ձեռք բերվել։ Պաշտոնից հեռացող նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին տեղական լրատվամիջոցներին փոխանցել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը համաձայնեցրել են Թրամփի վարչակազմի օրոք սահմանված հազարից ավելի պատժամիջոցների չեղարկման հարցը։

«Խոսքը մասնավորաբար բանկային, նավթարդյունաբերության, նավագնացության և ապահովագրության համակարգերի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման մասին է», - նշել է պաշտոնյան։ Բացի այդ, ըստ իրանական կողմի, Վաշինգտոնը պատրաստ է վերացնել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում` Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները։

Ռուսաստանի ներկայացուցիչները ևս հաստատում են, որ բանակցությունները ավարտական փուլում են։ «Վերջին քայլը, սակայն, ամենադժվարինն է», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Վաշինգտոնում, սակայն, առայժմ խուսափում են կանխատեսումներից՝ նշելով, որ բանակցությունները դեռ շարունակվում են, և դրանց վերջնական արդյունքի մասին խոսելը խիստ վաղաժամ է։ Ավելին, բանակցութուններին զուգահեռ ամերիկյան իշխանությունները որոշ ասպարեզներում նույնիսկ սաստկացնում են Իրանի դեմ կիրառվող ճնշումը։ Խոսքը, մասնավորաբար, տեղեկատվական ոլորտի մասին է։ Նախօրեին հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության որոշմամբ արգելափակվել է 36 իրանական կայքերի, այդ թվում` անգլալեզու Press TV հեռուստաընկերության պաշտոնական էջի գործունեությունը։ Վաշինգտոնում պնդում են, որ պետական վերահսկողության ներքո գտնվող այդ լրատվամիջոցները առնչություններ ունեն բռնարարքներ իրականացնող խմբավորումների հետ, ինչպես նաև ակտիվորեն մասնակցում են տարբեր տարածաշրջաններում ապատեղեկատվության տարածմանը։

Թեհրանում ներկայացվող մեղադրանքները կտրականապես հերքում են՝ պնդելով, որ ամերիկացիների այդ քայլը հավելյալ բարդություններից բացի, որևէ այլ արդյունքի չի հանգեցնի։ «Իրանական կայքերի արգելափակումը չի նպաստում Վիեննայում շարունակվող բանակցությունների հաջող ընթացքին», - մեկնաբանելով ԱՄՆ արդարադատության նախարարության որոշումը` հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին։

XS
SM
MD
LG