Մատչելիության հղումներ

Եվրո-2020-ում ավարտվեց խմբային փուլը. Ռոնալդուն նոր ռեկորդներ է սահմանում


Կրիշտիանու Ռոնալդուն Եվրո-2020-ում, հունիս, 2021թ.

Եվրոպայի ֆուտբոլի 2020 թվականի առաջնությունում երեկ ավարտվեց խմբային փուլը, հայտնի դարձան փլեյօֆի բոլոր 16 մասնակիցները:

Մրցաշարի 1/8 եզրափակիչում հունիսի 26-29-ը կկայանան Ուելս-Դանիա, Իտալիա-Ավստրիա, Նիդերլանդներ-Չեխիա, Բելգիա-Պորտուգալիա, Խորվաթիա-Իսպանիա, Ֆրանսիա-Շվեյցարիա, Անգլիա-Գերմանիա և Շվեդիա-Ուկրաինա հանդիպումները:

Հաղթող 8 հավաքականները հուլիսի 2-3-ը կխաղան քառորդ եզրափակիչում, հուլիսի 6-7-ը կիսաեզրափակիչ խաղերն են, իսկ հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կկայանա առաջնության եզրափակիչը:

Առաջնությանը հրաժեշտ տվեցին Թուրքիայի, Ռուսաստանի, Հյուսիսաին Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Շոտլանդիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Հունգարիայի հավաքականները:

Երեկ Ֆրանսիա-Պորտուգալիա խաղում Կրիշտիանու Ռոնալդուն 2 գնդակ խփեց 11-մետրանոցներից և միջազգային հանդիպումներում գոլերի քանակով՝ 109, հավասարվեց աշխարհի ռեկորդակիր իրանցի հարձակվող Ալի Դայիին:

Եվրո-2020-ում պորտուգալացի հարձակվողն արդեն իսկ 5 գոլի հեղինակ է դարձել՝ գլխավորելով մրցաշարի ռմբարկուների ցուցակը և Եվրոպայի առաջնություններում խփած 14 գնդակով սահմանելով նոր ռեկորդ: Մինչ ընթացիկ մրցաշարը Եվրոպայի առաջնություններում խփած գոլերի թվով ռեկորդակիրը ֆրանսիացի Միշել Պլատինին էր՝ 9 գնդակ:

XS
SM
MD
LG