Մատչելիության հղումներ

 «Դասակարգային ընտրություններ»․միջազգային մամուլը շարունակում է մեկնաբանել հունիսի 20-ի քվեարկության արդյունքները


Հայաստան - Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 21-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում
Հայաստան - Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 21-ի հանրահավաքը Երևանի Հանրապետության հրապարակում

«Հեղափոխությունը չփլուզվեց», - հայտնի սոցիոլոգ Գեորգի Դերլուգյանի այս խոսքերով է սկսում «Պրոֆիլ» հանդեսում տպագրված իր հոդվածը ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։

Մեջբերելով Դերլուգյանի մեկ այլ գնահատականը, թե հունիսի 20-ի ընտրությունները դասակարգային էին, Մարկեդոնովը նշում է. - «Ռուսաստանյան մամուլում Փաշինյանի մասին շատ են գրում և հաճույքով։ Այնուհանդերձ, նրա քաղաքական դիմանկարի փորձերը որպես կանոն պարզունակ են՝ սորոսական, արևմտամետ, լիբերալ։ Իրականում, սակայն, խոշոր կապիտալին ուղղված իր քննադատությամբ և տնտեսական կյանքի իր պատկերացումներով նա շատ ավելի նման է եվրոպացի սոցիալիստներին»։

«Այս համատեքստում հետաքրքիր կլինի դիտարկել Փաշինյանի ընտրողի սոցիալական դիմանկարը», - գրում է փորձագետը։ Նրանց թվում, ովքեր թե՛ 2018 -ին և թե՛ 2021-ին աջակցեցին Փաշինյանին, քիչ չեն գյուղերի և փոքր քաղաքների բնակիչները։«Ինքը Նիկոլ Վովաևիչը ծնվել է Իջևանում՝ մի բնակավայր, որն իր լույս աշխարհ գալուց ընդամենը 14 տարի առաջ է քաղաքի կարգավիճակ ձեռք բերել՝ պահպանելով, սակայն, ագրարային նիստուկացն ու գավառական մենթալիտետը։ Այստեղից էլ բխում են Փաշինյանին բնորոշող ոճական հատկությունները՝ հավասարության կոչեր, հակաօլիգարխիկ կարգախոսներ, պոպուլիզմ։ Փաշինյանը չէր զլանում անցնել գյուղերով և ցույց տալ, որ ինքը նույնքան պարզ մարդ է, որքան, ասենք, պայմանական Խորեն քեռին կամ Հրանուշ մորաքույրը», - գրում է Մարկեդոնովը՝ եզրակացնելով. - «Այդքանից հետո արդյո՞ք արժե զարմանալ, որ այդ մարդիկ Փաշինյանին յուրային են համարում և պատրաստ են աջակցել նրան»։

Ռուսաստանցի վերլուծաբանը համաձայն չէ նաև պարբերաբար հնչող այն տեսակետին, թե Փաշինյանն իբր պարտվողական հայացքներ ունի կամ պացիֆիստ է։

«Հենց «թավշյա հեղափոխության» առաջնորդն էր, որ դառնալով վարչապետ, համառությամբ, որը կարելի էր շատ ավելի դրական գործերում կիրառել, սկսեց կազմաքանդել ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացում ձևավորված քաղաքական-դիվանագիտական ստատուս քվոն», - նշում է Մարկեդոնովը՝ հիշեցնելով Հայաստանի վարչապետի մի շարք հայտնի հայտարարությունները՝ այդ թվում «Արցախը Հայաստան է և վերջ» պնդումը։

«Այդպիսով, դիվանագիտական փորձ չունենալով՝ պոպուլիստ Փաշինյանը որոշեց հաջողությունը զարգացնել նաև միջազգային ասպարեզում։ Իմպուլսիվ բազեի դերում, սակայն, նա պարտվեց՝ գերագնահատելով թե՛ իրեն և թե՛ իր ղեկավարած երկրի ռեսուրսները», - «Պրոֆիլ»-ում տպագրված հոդվածում գրում է Մարկեդոնովը։

«Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Կիրիլ Կրիվոշեևի համոզմամբ՝ հայաստանյան ընտրությունների անսպասելի արդյունքները հասկանալու համար դրանք պետք է դիտարկել ըստ տարածաշրջանների։

«Փաշինյանի կուսակցությունն ամենաբարձր աջակցության ցուցանիշներից մեկն արձանագրեց Շիրակի մարզում՝ շուրջ 65 տոկոս։ Շիրակը այն զինվորականների հայրենիքն է, որոնք գերեվարվեցին 2020 թվականի դեկտեմբերին Հադրութի մերձակայքում։ Ըստ ամենայնի, նրանց հարազատներն ու համերկրացիներն իրենց քվեարկությամբ ցանկանում էին ասել, որ ոչ թե Քոչարյանի անվան հետ կապվող ռևանշ են ցանկանում, այլ հանգստություն և ապագայում նման միջադեպերի բացակայություն», - նկատում է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետը։

«Դեռ ձմռանն արդեն պարզ էր՝ հայ հասարակությունն այլևս պատերազմելու ցանկություն չունի։ Այն ցույցեր էր կազմակերպում ոչ թե կորսված տարածքները հետ բերելու, այլ զորակոչիկներին Ղարաբաղ չուղարկելու պահանջով», - գրում է Կիրիլ Կրիվոշեևը։

«Քարնեգի»-ի փորձագետը նաև նշում է. - «Ընտրարշավի ընթացքում Բաքուն ակնարկում էր, որ կգերադասեր հետագայում ևս գործ ունենալ Փաշինյանի հետ, սակայն այդ նախապատվությունը շատ ակնհայտորեն չեն արտահայտում՝ հակառակ էֆեկտից խուսափելու համար։ Ոմանք դա կարող են ոչ հայրենասիրական համարել, բայց հայ ընտրողն ընդունեց խաղի նման կանոնները»:

Վերլուծաբանը հիշեցնում է նաև ընտրություններից առաջ 15 հայ ռազմագերիների ազատ արձակման մասին։ «Իմ ադրբեջանցի զրուցակիցները չէին թաքցնում, որ դա յուրատեսակ նվեր էր Փաշինյանին, ուղերձ, որ երկխոսությունը հնարավոր է», - նշում է Կրիվոշեևը։

«Առաջիկայում մի քանի նոր փորձեր կլինեն տեսնելու, թե ինչ տեսք են ստանում Հայաստանի և հարևան երկրների հետընտրական ու հետպատերազմյան հարաբերությունները», - «Ալ Ջազիրա»-ի հետ զրույցում նշում է Ժնևի Վեբսթերի համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չեթերյանը։

«Ընտրություններին հաջորդող շրջանում կտեսնենք՝ արդյոք հարաբերությունների բարելավման, սահմանների և հաղորդակցությունների վերաբացման, դիվանագիտական շփումների լուրջ գործընթա՞ց կմեկնարկի, թե՞ ամեն ինչ կվերադառնա նախկին վիճակին», - նշում է Չեթերյանը։

Փորձագետ Աննա Օհանյանի համոզմամբ էլ՝ հունիսի 20-ի ընտրությունները որևէ կերպ չեն ազդի Ռուսաստանի՝ Հայաստանում ունեցած դիրքերի վրա։

«Ընտրությունների արդյունքները հայ-ռուսական հարաբերությունների վրա աննշան ազդեցություն կունենան։ Թե՛ մինչև թավշյա հեղափոխությունը, թե՛ դրանից հետո Ռուսաստանը Հայաստանի հանդեպ համակարգային առավելություն ունի», - «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում պնդում է Օհանյանը։

Մոսկովյան «Կոմերսանտ»-ը «Հայաստանյան ընդդիմությունը խրամատավորվում է խորհրդարանում» վերնագրված հոդվածում այսօր անդրադառնում է 8-րդ գումարման Ազգային ժողով անցած ընդդիմադիր ուժերի հետագա գործողություններին։ Թերթի զրուցակիցներից մեկի՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Թևան Պողոսյանի համոզմամբ` խորհրդարանական ընդդիմությունը «բավարար թվով քվեներ ունի ցանկացած պահին տարբեր խնդիրներին նվիրված հետաքննիչ հանձնաժողովներ ստեղծելու, կառավարության անդամներին այդտեղ կանչելու և նրանց հաշվետու վիճակում պահելու համար»։

XS
SM
MD
LG