Մատչելիության հղումներ

«Վալդայ» ակումբի փորձագետը Հայաստանի ընտրությունների արդյունքները համոզիչ է համարում, քաղաքական անկայունությունը՝ քիչ հավանական


«Վալդայ» ակումբի փորձագետ Սանիսլավ Պրիտչին, արխիվ

«Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Պրիտչինը գտնում է, որ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները համոզիչ են, ցույց են տալիս, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վայելում է բնակչության վստահությունը, և նման իրավիճակում քաղաքական գործընթացների ապակայունացման հավանականությունը փոքր է։

Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Պրիտչինն ասել է, որ Փաշինյանը քաղաքական գործունեությունը սկսել է փողոցն օգտագործելով որպես գործիք, և ի տարբերություն իր հակառակորդների՝ ավելի հմտորեն է փոխգործակցում այդ մեխանիզմի հետ։ «Նա աշխատում է, կարողանում է կառավարել քաղաքական իրավիճակները և փողոցում աջակցություն ունի։ Եթե դիտարկենք ընդդիմության բողոքի ակցիաները որպես ընտրությունների արդյունքները վիճարկելու գործիք, ապա այստեղ Փաշինյանի մոտ այնուամենայնիվ առավելություն է նկատվում: Ամեն դեպքում, նա կարողանում է ավելի շատ աջակիցներ հավաքել փողոցում, քան իր հակառակորդները, և նման կերպ կայունացնել ու պաշտպանել իր իշխանությունը»։

Ստանիսլավ Պրիտչինի խոսքով՝ Փաշինյանին լրացուցիչ միավորներ է բերում ընտրություններում նրա հակառակորդների շատ բարձր «հակավարկանիշը», ինչպես նաև նրանց անկարողությունը հետագա գործողությունների հասկանալի սխեմա ներկայացնել ընտրողներին։

«Ապագայի պլան, որը թույլ կտա փոխել իրավիճակը՝ սա հավանաբար գլխավոր փաստարկն է, որը թույլ չտվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա աջակիցներին գալ իշխանության», - նշել է ռուսաստանցի փորձագետը։ Ստանիսլավ Պրիտչինն ասել է, որ նրանց իշխանության ժամանակ Հայաստանում իրավիճակը դրական կերպով չի փոխվել, եղել է նաև բարձր կոռուպցիա։ «Դրա համար բնակչության մեծ մասի մոտ առանձնապես վստահություն չկար Քոչարյանի ու նրա թիմի հանդեպ», - ասել է «Վալդայ» ակումբի փորձագետը:

XS
SM
MD
LG