Մատչելիության հղումներ

Նռնակով վնասել են Միհրան Հակոբյանի մեքենան. նախկին ՀՀԿ-ական գործիչը մեղադրում է իշխանությանը, իշխանությունից հակադարձում են


Հանրապետական նախկին պատգամավոր, «Քառյակ մեդիա» ընկերության հիմնադիրներից Միհրան Հակոբյանն այսօր առավոտյան ահազանգել է, որ անհայտ անձը իր մեքենայի տակ նռնակ է դրել ու հեռացել։ Իրենք ու հարակից տների բնակիչներն արթնացել են պայթյունի ձայնից։ Տուժածներ չկան, ըստ հասարականան-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի, տեղի ունեցածն իրեն լռեցնելու և վախեցնելու տխուր փորձ է։

«Առավոտյան 8։30 պայթյունի ձայնից արթնացել եմ, մեքենան տան դիմաց կայանված էր և պարզվեց, որ վնասվել է, հարևանները միանգամից ոստիկանություն զանգեցին», - ասաց Հակոբյանը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանների ու քրեագետների նախնական վարկածով՝ մեքենայի տակ ոչ թե ձայնային, այլ հարավսլավական արտադրության մարտական նռնակ է նետվել: Նռնակը վերջին պատերազմի ընթացքում է Հայաստանում հայտնվել, նշեց Միհրան Հակոբյանը՝ մեջբերելով քրեագետներից իր լսածը։

Պայթյունի հետևանքով բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, փողոցն այդ ժամին դատարկ է եղել, վնասը միայն նյութական է։ Վնասվել է ոչ միայն Միհրան Հակոբյանի, այլ նաև հարակից տան բակում կայանած ևս 2 մեքենա։

«Ուժեղ ձայն լսեցի, մտածեցի գազի բալոն տրաքեց։ Ուժեղ էր ձայնը շատ, գնացինք նայեցինք, հետ գալուց տեսանք, որ էս մեքենաներն էլ են կոտրվել՝ ապակիները», - «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքի բնակիչներից մեկը։

«Արմնյուզ», Tert.am և մի քանի այլ լրատվամիջոցներ ներառող «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր, նախկին ՀՀԿ անդամ Միհրան Հակոբյանը պնդում է, որ անձնական թշնամիներ չունի և տեղի ունեցածն էլ կապում է միայն իր քաղաքական հայացնքների ու գործունեության հետ։

Հակոբյանը 2018-ի հեղափոխությունից հետո ՀՀԿ-ական Արման Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի և Սամվել Ֆարմանյանի հետ հիմնադրել է «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել լրատվամիջոցներ, որոնք մտնում էին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապվող «Պանարմենիան» մեդիա հոլդինգի մեջ։

Իշխանությունների հասցեին մշտապես կոշտ քննադատությամբ հանդես եկող լրատվամիջոցները ղեկավարող ընկերության համահիմնադիր Հակոբյանն այսօր տեղի ունեցածը հենց Փաշինյանի իշխանության հետ է կապում։

«Հայաստանի կապիտուլյանտ իշխանություններին, որ 3 տարի քննադատել եմ և հիմա էլ շարունակելու եմ քննադատել, և եթե մեկը կարծում է, թե այս ակցիայով ինձ կարող է վախեցնել, կամ լռեցնելու փորձ անել, չարաչար սխալվում է։ Ինչպես խոսել եմ ճշմարտությանմասին, փորձել եմ մեր ժողովրդի աչքերը բացել տեղի ունեցող այլանդակությունների վրա, նույն ձևով շարունակելու եմ իմ պայքարը, իմ գործունեությունը՝ այս ակցիայից հետո մի քանի անգամ ավելի ուժգին։ Այնպես որ կազմակերպիչներն էլ թող իմանան, որ իրենց նպատակին չեն հասել, իրենց բարևներ, դեռ կհանդիպենք», - ասաց Հակոբյանը։

Որ իշխանությունները կարող են նման ձեռագրով հարց լուծել, «Ազատության» հետ զրույցում բացառեց Ազգային ժողովի պատգամավոր, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ Հրաչյա Հակոբյանը։

«Եթե Միհրան Հակոբյանը կբերի մեկ օրինակ, որ այս 3 տարիների ընթացքում ինչ-որ նման դեպք է տեղի ունեցել, միգուցե իր ասածն արժանահավատ թվար, բայց 3 տարիների ընթացքում նման ձեռագրով իշխանությունը երբևէ չի փորձել լուծել, դա նախկինների ձեռագիրն է։ Ինչ է տեղի ունեցել իրականում ես չեմ կարող ասել, բայց իշխանությունները վաղուց մերժել են նման ձեռագրով քաղաքական հարցեր լուծելու օրակարգը», - ասաց Հրաչյա Հակոբյանը։

Համապատասխան միջոցառումներ ինքն էլ կձեռնարկի, այսպես է ավարտում խոսքը Միհրան Հակոբյանը՝ առանց փակագծեր բացելու։

Իրավապահները դեպքի հետ կապված մանրամասներ դեռևս չեն հաղորդում՝ նշելով, որ քննություն է ընթանում։

XS
SM
MD
LG