Մատչելիության հղումներ

Կարեն Բեքարյանն իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է համարում


Դատարանն այսօր մերժեց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) միջնորդությունը։ Բեքարյանն ազատ արձակվեց։

«Դատարանը մերժել է կալանավորման միջնորդությունը հիմնավոր կասկածի բացակայության հիմքով», - ասաց Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Իշխանություններին ակտիվ քննադատող Հանրապետական խմբակցության նախկին պատգամավորը մեղադրվում է քրեական օրենսգրքի միանգամից 3 հոդվածով։

Ըստ ԱԱԾ-ի՝ նա, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը և այլ անձինք Ֆեյսբուքում ստեղծել են «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաև պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։ Բեքարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու այն քաղաքական հետապնդում է համարում։

«Երբ դու չես հասկանում գործի էությունը, չես հասկանում ինչ է հետապնդվում, տեսնում ես, որ չկա տրամաբանություն, դու շատ պարզ հասկանում ես, որ մոտիվացիան լրիվ ուրիշ տեղ է»,- նշեց Կարեն Բեքարյանը:

Բեքարյանը պնդում է, թե իրեն մեղադրանք առաջադրելու համար հիմք է ծառայել է իր և Գագիկ Սողոմոնյանի ֆեյսբուքյան էջի IP հասցեների համընկնումը, մինչդեռ ասում է՝ VPN համակարգի պարագայում IP հասցեները կայուն չեն։ «Այսինքն՝ էն պարզագույն գիտելիքներն ունենալու դեպքում էս հարցերը չէին առաջանա, որովհետև այս ամբողջ պրոցեսի մեջ երկու հարց կա՝ այն, որ ես ճանաչում եմ Արա Սաղաթելյանին և այն, որ ես օգտագործել եմ VPN համակարգ», - ասաց «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրը:

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, որը նաև Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին ղեկավարել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը, երեկ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել էր։ Բավարարվել է նաև «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ Արամ Սարգսյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդությունը, մերժվել նույն գործով անցնող «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին կալանավորելու միջնորդությունը:

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` Սաղաթելյանն ու մյուսները նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար այնպես, որ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Գագիկ Սողոմոնյան» կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարվեն՝ այսպես կոչված ալիբին ապահովելու համար։ Կատարել են դերերի բաշխում և արդեն պատերազմի օրերին խախտել են ռազմական դրության սահմանափակումները և տարատեսակ հրապարակումներ արել։ «Գագիկ Սողոոնյան» կեղծ էջը ձերբակալումներից ու կալանավորումներից հետո էլ շարունակում է հայհոյախառն գրառումներ կատարել Ֆեյսբուքում։

XS
SM
MD
LG