Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն որպես մեղադրյալ է ներգրավել ու միջնորդել կալանավորել Բեքարյանին, Սաղաթելյանին և ևս 2 հոգու


Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը

Ազգային անվտանգության ծառայությունը որպես մեղադրյալ է ներգրավել Ֆեյսբուքում Գագիկ Սողոմոնյան անվամբ հայտնի կեղծ էջի գործով 4 ձերբակալվածներին և միջնորդել դատարանին կալանավորել նրանց։

Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանը և հանրության լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանն իրենց վերագրվող մեղադրանքը չեն ընդունում։

Ըստ ԱԱԾ-ի` նրանք են Ֆեյսբուքում ստեղծել Գագիկ Սողոմոնյան կեղծ էջը՝ իշխանությունների հասցեին վիրավորական և հայհոյախառն քննադատություն հնչեցնելու, ատելություն սերմանելու, արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անվտանգությանն առնչվող գործողությունները քննադատելու, կասկածի տակ դնելու համար, ինչպես նաև պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդել են իշխանության վրա։

Իշխանությունների ակտիվ քննադատ, Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանի պաշտպան Գոռ Միքայելյանն «Ազատությանը» փոխանցեց պաշտպանյալի դիրքորոշումը՝ այս ամենը տեղի է ունենում քաղաքական նպատակներով՝ իրեն ճնշելու համար. «Բնականաբար, պարոն Բեքարյանը որևէ առնչություն չունի որևէ ֆեյքի հետ, այդ թվում` Գագիկ Սողոմոնյան, ու առհասարակ պարոն Բեքարյանը միշտ իր ասելիքները հենց իր դեմքով է ասել առերես: Բնականաբար, պարոն Բեքարյանը հերքում է իր կապը որևէ ֆեյքի հետ»:

Ըստ իրավապահների` խումբը ղեկավարել է Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար, նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արա Սաղաթելյանը։

Մեղադրյալների պաշտպանները բացարկ են հայտնել ԱԱԾ բոլոր քննիչներին։ Սաղաթելյանի պաշտպան Միհրան Պողոսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ մեղադրանքն անօրինական է։ Ազգային անվտանգության ծառայությունը չի կարող քննել մի գործ, որտեղ ԱԱԾ-ի ձևակերպմամբ` կեղծ մեղադրանքներ են հնչում մեծամասամբ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հասցեին։ Աբազյանը Ազգային անվտանգության ծառայության հետաքննության և նախաքննության մարմնի ղեկավարն է, ասում է Պողոսյանը և ընդգծում՝ հետևաբար, այս կառույցը չի կարող քննել այս գործը. «Ստացվում է մի իրավիճակ, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվում է մի քրեական գործ, որի շրջանակներում ազգային անվտանգությունը պետք է հերքի Գագիկ Սողոմոնյանի, քանի որ կասկածանքի էությունը հենց կեղծ գրառումներ կատարելն է, պետք է հերքի Գագիկ Սողոմոնյանի գրառումների իսկությունը: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ ԱԱԾ որևէ քննիչ իր իրականացրած նախաքննության ժամանակ պարզվի, որ չէ, Արմեն Աբազյանի վերաբերյալ այդ հայհոյախառն գրառումներից ինչ-որ մեկը կեղծ չէ, այ այս մեկը, օրինակ, իրական է: Նման իրավիճակ բացառվում է, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ենթակայությամբ գործող որևէ աշխատակից, թողնենք մի կողմ մասնագիտական պատրաստվածությունը, այդքան բարոյականության նորմերը չի խախտի ու չի արձանագրի դրա ոչ կեղծ լինելը»:

Նույն կարծիքին է նաև «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանի պաշտպանը։ ԱԱԾ-ն Ավագյանին ներկայացնում է որպես Արա Սաղաթելյանի վարորդ։ Պաշտպան Միքայել Շխիմյանը հավատացնում է՝ իր պաշտպանյալը որևէ նման առնչություն չի ունեցել Սաղաթելյանի և Բեքարյանի հետ. «Քանի որ նշված պատճառաբանությամբ բացարկ ենք հայտնել և հրաժարվել ենք որևէ փաստաթղթի տակ ստորագրենք, այդ կապակցությամբ արձանագրություն են կազմել, դրել են մի կողմ: Հիմա իրենց ինչ կանեն, ոնց կանեն, մոտավոր պատկերացնում եմ, վերցնելու են այդ արձանագրություններըը մեղադրանքը, անստորագիր վիճակում այդ արձանագրության հետ միասին բերեն, ներկայացնեն դատարան, ասեն` մենք ներկայացրել ենք, իրենց իրավունքն է եղել, իրենք էլ չեն ուզեցել ծանոթանան: Քանի որ անձի ազատության իրավունքն անհապաղ քննության ենթակա հարց է, մենք գտնում ենք ամեն դեպքում` պետք է քննել: Դեռևս երեկվանից մուտք արած մենք բողոք ունենք ձերբակալման մեջ, անձն անազատության մեջ է»:

Մեղադրանքը չընդունող չորրորդ մեղադրյալը հասարակական լայն շրջանակներին անհայտ Արամ Սարգսյանն է։ Նրա պաշտպան Բենիկ Գալստյանը փոխանցեց՝ եթե պաշտպանյալը ծանոթ չէ մյուս մեղադրյալներին, ինչպես կարող էր նման կազմակերպված խմբում գործել. «Ըստ էության, շփում այդ մարդկանց հետ չի ունեցել, ճանաչելու մասով էլ, մարդը նշում է, որ որպես այդպիսին չի ճանաչում այդ մարդկանց: Այն, որ այս մարդն առնչություն չունի այդ մարդկանց հետ, դա փաստ է»:

ԱԱԾ տարածած հաղորդագրության համաձայն` Սաղաթելյանն ու մյուսները նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար այնպես, որ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից Գագիկ Սողոմոնյան կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարվեն՝ այսպես կոչված ալիբին ապահովելու համար։ Կատարել են դերերի բաշխում և արդեն պատերազմի օրերին խախտել են ռազմական դրության սահմանափակումները և տարատեսակ հրապարակումներ արել։

Ինչպես հաղորդում է Ազգային անվտանգության ծառայությունը, նրանք Գագիկ Սողոմոնյան Ֆեյսբուքի կեղծ էջով իշխանությանը ձայն տված քաղաքացիներին անվանել են «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարվել են պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ։

Ըստ մեղադրանքի՝ չորսին էլ սպառնում է առավելագույնը մինչև 6 տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG