Մատչելիության հղումներ

Քաղհասարակությունից արձագանքում են Փաշինյանի՝ «օրենքի դիկտատուրայի» մասին հայտարարությանը  


Օրենքի դիկտատուրա հաստատելու և ժողովրդից գողացվածը վերադարձնելու համար՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը նախևառաջ պետք է արմատական բարեփոխումների ենթարկի օրենսդրական դաշտը, այնուհետև՝ այն կիրառող իրավապահ համակարգը, ինչի ուղղությամբ 2018 թվականից ի վեր էական քայլեր այդպես էլ չեն արվել՝ այսօր «Ազատության» հետ զրույցում վարչապետի պաշտոնակատարի երեկվա հայտարարություններին այսպես արձագանքեցին քաղհասարակության ներկայացուցիչները։

«Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հիշեցրեց, թե ցայսօր ինչ է արել իշխանությունը. «Մինչ օրս ընդամենը ապօրինի գույքի վերադարձի օրենքն է ընդունվել և ձեռնարկվել է, իմ ունեցած տեղեկություններով, մոտավորապես 200 գույքի քննություն և վերջ»:

Ըստ Բարսեղյանի, գործող օրենքները պարզապես չեն կարող թույլ տալ հաստատել հանրության ակնկալած օրենքի դիկտատուրան. «Օրենքները պիտի արմատապես բարեփոխվեն՝ ըստ հեղափոխական օրակարգի, սա մեկ: Երկրորդ կարևոր հանգամանքը կամ պայմանը օրենքի կիրառող համակարգի բարեփոխումն է, այս դեպքում ի նկատի ունեմ իրավապահ ամբողջ համակարգը, ես պարտավոր եմ թվել դրանք՝ Ոստիկանություն, քննչական, Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, մաքսային և հարկային համակարգեր և իհարկե, դատական համակարգը: Պիտի օրենսդրությունը կտրուկ ու շեշտակի փոխելով այդ համակարգերն էլ փոխվեն և մաքրվեն, մաքրազտվեն»:

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, 53.9 տոկոս քվե ստացած Փաշինյանի գլխավորած ուժը երեկ՝ Երևանի Հանրապետության հրապարակում հետընտրական բազմամարդ հանրահավաք էր հրավիրել, որի ժամանակ կառավարության ղեկավարը երկու անգամ խոսեց օրենքի դիկտատուրա հաստատելու մասին։

«Հայաստանի Հանրապետությունում հաստատվում է ժողովրդի կամքով իրավունքի և օրենքի դիկտատուրա հենց այս պահից, հենց այս վայրկյանից, և այս մանդատը մենք իրականացնելու ենք լիարժեք», - հայտարարեց Փաշինյանը:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով, հիմա Փաշինյանի կառավարության համար ավելի դժվար է լինելու կյանքի կոչել, օրինակ, իրավապահ համակարգի մաքրազտումը, քանի որ 2018-ից հետո վեթինգի հարցում փաստացի անգործությունը հանգեցրեց, որ նախկին ռեժիմին սպասարկող բազմաթիվ դատավորներ, քննիչներ, ոստիկաններ տեսան, որ իրենց «տերերը» վերարտադրվել են ու արդեն խորհրդարանում են։

«Բարեփոխումներ չիրականացնելու հիմքում դրված է հանցավոր ռեժիմին պատասխանատվության չենթարկելու գաղափարը, որովհետև ոչ մի խոստում, ոչ մի միջամտություն, ոչ մի ազդեցություն չէր կարող այդպիսի արդյունք տալ, այսինքն այդ մասշտաբի անպատժելիություն բերել, ոնց որ այդ համակարգերի չբարեփոխումը: Արդյունքում մենք ունեցանք՝ ա. պատասխանատվության չենթարկված հանցավոր ռեժիմի կարկառուն դեմքեր, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով և մնացած շատ ու շատ գործերով, բ. մենք ունեցանք հանցավոր ռեժիմի վերարտադրություն արդեն խորհրդարանում, դա խայտառակություն է, ինչ որ մենք ունենք այսօր խորհրդարանում, և հաջորդն, իմ խորին համոզմամբ, ու մեծ ցավով եմ դրա մասին նշում, լինելու է իրենց իշխանության վերադարձը», - ասաց Կարապետյանցը:

Լևոն Բարսեղյանի փոխանցմամբ, տևական ժամանակ հարկավոր չէ՝ հասկանալու, թե այս անգամ որքան լուրջ է տրամադրված Նիկոլ Փաշինյանը. «Այլապես այսօրինակ խոստումները մնալու են օդի մեջ և համարվելու են որպես ամբոխահաճություն, պոպուլիզմ, որը մարդկանց դուր է գալիս, մարդիկ ուրախանում են և վերջ, որևէ իրական արդյունք չի ստացվելու»:

XS
SM
MD
LG