Մատչելիության հղումներ

Կրակոցներ ընտրատեղամասում, թեկնածուի մեքենայի վրա. հարուցվել են քրգործեր


Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից

Գլխավոր դատախազությունը մինչև ժամը 13-ը ընթացք է տվել 64 հաղորդման և ահազանգի։ Դրանցից 16-ը վերաբերում է քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, իսկ մյուսները ընտրական այլ հանցագործությունների։

64 հաղորդումներից մեկով հարուցվել է քրեական գործ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի և զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու հատկանիշներով։ Այս գործն առնչվում է Արարատի մարզում այսօր առավոտյան ժամը 8:30-ին տեղի ունեցածին։ Ըստ ոստիկանության, Ազատաշեն գյուղի ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն «Բարգավաճ Հայաստան» և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանն «Ազատությանն» ասաց՝ տեղյակ է դեպքից. «Այդ մասին ես տեղյակ եմ: Մենք երբեք ու երբեք կարգ չենք խանգարի, կարգ խանգարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Բացի այս դեպքերից, ոստիկանություն հաղորդում է ներկայացրել նաև Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարական դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը։ Նա ահազանգում է սպանության փորձի մասին։ Այսօր հրավիրած հրատապ ասուլիսում Բաբաջանյանը հայտարարեց՝ դեպքը տեղի է ունեցել առավոտյան իր տան մոտ, կրակել են իր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն։ Բարեբախտաբար, թեկնածուն մեքենայում չի եղել։ Հարևանի տեսախցիկն արձանագրել է կատարվածը։ Բաբաջանյանի պնդմամբ՝ այս ամենի պատճառն իրենց վարկանիշի բարձրացումն է։

«Սա կրակոց է ուղղված Հայաստանի ժողովրդավարությանը»,- հայտարարում են դաշինքի ներկայացուցիչները։

«Ես տեսա ձայնագրությունը, մոտավորապես դիմակավորված, կապիշոնով, սպիտակ հագուստով, ձեռքին սև ատրճանակը, մանրամասներ չկան, դետալները կրակոցի պահի, բայց հայտնաբերվել է փամփուշտի մի մասը, պարկուճը մնացել է դիմապակու վրա»:

Քննչական կոմիտեում արդեն քրեական գործ կա հարուցված ոչ թե սպանության փորձի, այլ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, ինչպես նաև ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, կրելու հատկանիշներով։

Դաշինքի երրորդ համարը՝ փաստաբան Սեդա Սաֆարյանն ասաց՝ դեռ երեկ են ահազանգ ստացել այն մասին, որ իրենց ընտրացուցակի առաջին երեք անդամները թիրախավորված են։ Բաբաջանյանն ու գործընկերները թեև ոստիկանությունում կոնկրետ անուններ չեն հնչեցրել, բայց ունեն կասկածյալների շրջանակ։ Բաբաջանյանն ասաց՝ իր անվամբ էլեկտրոնային կեղծ հասցե է բացվել, որից տարբեր լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվել այն մասին, թե հանցագործությունը բացահայտված է, մեղավորն էլ դաշինքի անդամներից է։ Այս պահի դրությամբ կասկածյալի մասին տեղեկություններ չեն հաղորդվում. «Եթե շարունակեցին այս իրենց գործելաոճը, կխախտենք օրվա այս ամբողջ նորմերը և անվանապես կասենք` ով է այս ամեն ինչի հետևում հետևում կանգնած, հատիկ-հատիկ գիտենք և՛ ձեր տեղեկությունների հեղինակներին, և՛ այդ տեղեկությունները շրջանառող շրջանակներին: Ուրեմն, կգանք ձեր հետևից վաղը ևեթ, ձեր ականջներից կբռնենք և կկանչենք պատասխանատվության, չկասկածեք, վերից վար»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն էլ դիմել է ոստիկանությանը` պահանջելով սեղմ ժամկետներում հայտնաբերել «Հայաստան» դաշինքի ղեկավարների վերաբերյալ վիրավորանք և ատելություն պարունակող նյութեր պատրաստողներին, տարածողներին ու պատվիրատուներին և անհապաղ բերման ենթարկել՝ ընդգծելով՝ հատկապես, որ համացանցում արդեն առկա են համապատասխան տեսանյութեր։

Երևանի տարբեր հատվածներում այսօր թերթիկներ էին տարածվել, որոնց վրա «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուի լուսանկարն է՝ «Պրիվետ Ռոբ» ու «Հայասպան» գրություններով ու կարմիր՝ արյուն հիշեցնող հետքերով։ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանությունը նաև քննում է իշխող «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ Ֆեյսբուքում տարածած գրառումը։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը ֆեյսբուքյան էջում քվեախցում չօգտագործված քվեաթերթիկների լուսանկար է տեղադրվել՝ նշելով՝ «մերժվածները»։ Լուսանկարում երևում են «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկները։ Օրենքով արգելվում է լուսանկարել քվեախցիկը։

Ընտրական հանցագործություններով հարուցված քրեական գործերի թիվը հասնում է երկու տասնյակի։

XS
SM
MD
LG