Մատչելիության հղումներ

Գավառի ընտրատեղամասերից մեկում «Անկախ դիտորդ»-ի անդամը մի քանի խախտում է արձանագրել


Ընտրություններ Հայաստանում, 20-ը հունիսի, 2021թ.

Այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում ընտրողների ակտիվություն չէր նկատվում, ինչը հանձնաժողովների նախագահները պայմանավորեցին նրանով, որ կիրակի առավոտյան մարդիկ հանգստանում են, օրվա ընթացքում կգան:

Արդեն Գավառի 19/17 ընտրատեղամասում դիտորդներն արձանագրել էին 200-ից ավելի չկնքված կտրոն: Հանձնաժողովի նախագահն ասում էր, թե դա տեխնիկական վրիպակ է. «Ես զանգեցի, ճշտեցի, որ վրիպակ է եղել աշխատողների կողմից, դա ընդհանրապես ոչ մի խնդիր չի առաջացրել, ես ճշտել եմ մեր կենտրոնական հանձնաժողովից ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չի առաջացել մեզ մոտ: Հիմա աշխատում ենք բնականոն կերպով, բոլոր խնդիրները շտկել ենք»:

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Հասմիկ Իսրայելյանը ֆիքսել էր նաև առանց վկայականի անձանց, որոնք ներս ու դուրս էին անում և ասաց, որ իր նկատողությունից հետո միայն երրորդ անգամ մտնելիս անձը որոշել է վկայական կրել: Տեղամասում դիտորդն արձանագրել է նաև միևնույն դաշինքի կողմից միանգամից երեք վստահված անձանց, այնինչ օրենք արգելում է դա, առավելագույնը պետք է լինի երկու վստահված անձ: Հենց այս ընտրատեղամասում արձանագրեցինք նաև վիճաբանություն «Ազատություն» կուսակցության վստահված անձի և տեղամասի ղեկավարի միջև:

«Հետևյալն է եղել՝ կտրոնները, որոնք որ անցկացվում են տուփի մեջ, դրանք պետք է կնիքվեին, բայց մինչև 300 կտրոն առանց կնիքվելու են մուտք արել, որովհետև ինչ-որ անտեղյակության հարց է եղել, այսինքն նախորդ ընտրությունների ժամանակ չի եղել կնիքելու այդ պարտադրանքը, այս անգամ կար, ուղղակի հանձնաժողովի նախագահը, թե կտրոններ ընդունողը դրան տեղյակ չի եղել: Հիմա արդեն արձանագրությունն է կազմվում, որ ուղարկենք Կենտրոնական ընտրական հանձնաժողով», - նշեց դիտորդը:

Վարդենիսի 21/52 ընտրատեղամասում այս պահին հանձնաժողովի նախագահը ընտրությունների մասնակցության ակտիվությունը գնահատում է բավարար, իսկ մինչև տեղամաս մտնելը հենց մուտքի մոտ արձանագրեցինք կուտակումներ: Մոտավորապես 15 րոպե նույն անձինք շարունակ շրջում են ընտրատեղամասի մոտ՝ խախտելով 50 մետր թույլատրված շառավիղը:

«Ազատության» հարցին՝ չե՞ն նկատում ընտրատեղամասի մուտքի մոտ կուտակումները, ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Կարինե Ասատրյանը պատասխանեց. «Այո, երկու անգամ նկատեցինք կուտակումներ, խնդրեցինք ոստիկանության օգնությունը: Ոստիկանների օգնությամբ կարողացանք շտկել այդ իրավիճակը»:

Ընդհանուր առմամբ ժամը 17-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում քվեարկելու իրավունք ունեցող 189 հազար 527 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 70 հազար 836-ը, այսինքն՝ ընտրողների 37,38 տոկոսը:

XS
SM
MD
LG