Մատչելիության հղումներ

Սյունիքում և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը ընտրախախտումների մասին են ահազանգում


Սյունիքի մարզում ընտրական օրը բացվեց մի քանի ահազանգերով: Շուռնուխում հանձնաժողովի նախագահը կնիքը երեկոյան տուն էր տարել, առավոտյան վերադարձրել: Փաստն արձանագրվել էր տեղամասի գրանցամատյանում, ապա քվեարկությունը մտել էր բնականոն հուն:

Սյունիքը սպեցիֆիկ է, այստեղ նաև բազմաթիվ զինվորներ են քվեարկում: Միայն Գորիսի 34/3 տեղամասում 318 զինվոր էր քվեարկում: Հենց այստեղ «Հայաստան» դաշինքի վստահված անձ Ռոբերտ Քոչարյանը նկատել էր, որ զինվորները քվեարկում են ուղղորդված նույն ուժի համար. «Ներսում ոչ մի բան չի կատարվում, ինչը որ կատարվում է, դրսից է կատարված եկել, միգուցե էսօր ա, միգուցե երեկ, միգուցե 10 օր առաջ է եղել, բայց սաղ դրսից նախապատրաստված եկել են: Խոսքս վերաբերում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերին»:

«Պատիվ ունեմի» վստահված անձը պնդում է` քվեարկության կարգին անծանոթ զինվորներն անկախ իրենցից են մատնում, որ բոլորով նույն քվեաթերթիկն են առանձնացնում. «Մի քիչ հեռու են կանգնում խցիկից, ու իրենք գցում են, բոլորն էլ նույնը` ուղղորդված»:

Տեղամասի գրանցամատյանում ինչ եղել է, ֆիքսել ենք, ասում է հանձնաժողովի նախագահ Սոնա Հարությունյանը: Հաստատում է «Քաղաքացիական պայմանագրից» վստահված անձը. «Թե դրսում ինչ է կատարվում, մենք չենք կարող իրավասությունը մեզ վրա վերցնել, մենք չգիտենք` այդ ուղղորդում ասվածն իսկապես այդպես է, թե ուղղակի սին ենթադրություններ են: Ամեն դեպքում նման բան տեղամասի ներսում, իհարկե, չկա»:

«Նման բան ես չեմ տեսել, ամեն ինչ օրենքի սահմանում է»:

Զինծառայողներին ուղղորդելու վերաբերյալ ահազանգում են նաև «Հայաստան» դաշինքի Գորիսի շտաբում: Տեղում` Վերիշենում նույնպես նման երևույթ են նկատել:

«Քաղաքացիական պայմանագրի» Գորիսի շտաբում տեղեկություն ունեին, թե «Հայաստան» դաշինքը երեկվանից ընտրակաշառքի փորձ է անում: Կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Խաչատրյանն ասում է` մեծ թվով քրեական գործեր կլինեն. «Բոլոր փաստերով իրականցվում է քննություն, այսօր չենք ունեցել, սակայն նախկին ունեցածներով իրավապահ մարմինները նյութեր են նախապատրաստում, և կան հարուցված քրեական գործեր: Վայոց ձորում կան արդեն ձերբակալվածներ: Առկա ահազանգերից դատելով` վստահ եմ, որ ցավոք սրտի, պատասխանատվության ենթարկվող մարդկանց թիվը անհամեմատ շատ է լինելու: Ուղղորդվեն զինվորները, որ քվեարկեն 3-րդ համարի օգտին, նման բան չի կարող լինել, և ընդհանրապես մեր քաղաքական ուժը չի հադնուրժելու որևէ այդպիսի արատավոր երևույթներ»:

Ի դեպ, առավոտյան ոստիկանությունը խուզարկություն էր սկսել դաշինքի Սիսիանի շտաբում, այստեղ փնտրել են կեղծ քվեաթերթիկներ: Չեն գտել, տարել են համակարգիչն ու շտաբի երկու պատասխանատուներին, ասում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը. «Ես վստահաբար կարող եմ ասել, որ սա այս ապիկար իշխանության այն անօրինական քայլերն են, որ այս 3.5 տարում իրականացրել են, հիմա էլ փորձում են սադրել, որպեսզի ընտրություններում ինչ-որ խնդիրներ առաջանան»:

Ընդհանուր առմամբ ընտրատեղամասերում խաղաղ մթնոլորտ էր, ոստիկանական ուժեր էին ամենուր:

Իր անունը ցուցակում երկար փնտրում էր սյունեցի ... Ենոքյանը, ուզում էր անպայման քվեարկել, հավատացրեց` ոչ փողի առաջարկ, ոչ ցուցում չի ստացել. «Ոչ մեկը ոչ առաջարկել ա, նամյոկ էլ չի տվել, որ ում ընտրեն: Առաջ տները ման էին գալիս, թե սրան կընտրեք, իսկ էս տարի չէ, չի եղել տենց բան»:

Տեղամասերում արտաքուստ խաղաղ էր, նյարդային լարման միակ վկայությունը չքվեարկված, բայց պատռված քվեաթերթիկներով լի պարկերն էին: Սյունիքը ավելի 109 հազար ընտրող ունի: Ժամը 18:00-ի դրությամբ մասնակցությունը շուրջ 47 տոկոս է կազմել, ամենաբարձրը բոլոր մարզերից:

XS
SM
MD
LG