Մատչելիության հղումներ

Տնօրենի թեկնածու որդուն աջակցելու համար Սպիտակի բնակիչն ընտրակաշառք է առաջարկել. նա ձերբակալվել է


Իրավապահներն այսօր ընտրակաշառքի կասկածանքով ձերբակալել են Լոռու մարզի Սպիտակ համայնքի մի բնակչուհու։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` բնակչուհին, որ աշխատում է Սպիտակում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ իր տնօրենի որդին պատգամավորի թեկնածու է, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն 10 հազար դրամ ընտրակաշառք առաջարկել: Մերժում է ստացել ու զանգահարել մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս ունեցած 7.500 դրամի պարտքը, եթե քվեարկի դաշինքի օգտին:

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կասկածյալը ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Սպիտակում հանրապետական մեծահարուստ, որպես «Դերժավայի Արկադ» հայտնի Արկադի Համբարձումյանի որդին է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու։ Ստանիսլավ Համբարձումյանը դաշինքի ընտրական ցուցակի 14-րդ համարն է։ Սպիտակում տեղեկություններ կան, որ հենց Համբարձումյանների ընտանիքին պատկանող թռչնաբուծական ֆաբրիկայի աշխատակից է եղել ընտրակաշառք առաջարկողը։ Սպիտակում «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավի պատասխանատուն 13 տարվա հանրապետական համայնքապետ Գագիկ Սահակյանն է, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է ընդամենը 4 օր առաջ։ Նա այսօր շրջում էր Սպիտակի ընտրատեղամասերի տարածքներում։ Քաղաքի 8-րդ դպրոցում տեղակայված թիվ 22/18 տեղամասի բակում էր։ «Ազատության» տեսախցիկը տեսնելուն պես հեռացավ։ Ասաց՝ խախտում չի անում. «Սա մեր քաղաքն ա, պտտվում եմ, ի՞նչ ա»:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի դեպքով ձերբակալված բնակչուհուն, ապա արդեն նախկին քաղաքապետն ասաց՝ իրենց որևէ նման դեպք հայտնի չէ։

Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանն ու իր պատգամավորության թեկնածու որդին բազմաթիվ ընկերությունների սեփականատերեր են։ Միայն Ստանիսլավ Համբարձումյանը որպես թեկնածու հայտարարագրել է իրեն պատկանող 4 ընկերություն, 70 միլիոն դրամ, մեկ բնակարան, մեկ բնակելի տուն, մեկ բազմաֆունկցիոնալ շենք, հողամասեր ու շինություններ։

Սպիտակում ընտրողներն ասում էին՝ կաշկանդված չեն ընտրելու իրենց ցանկացած թեկնածուին։ Հարևան Արևաշողում, որտեղ Արկադի Համբարձումյանի թռչնաբուծարանի շատ աշխատակիցներն կան, կարծիքները տարբեր էին, ոմանք, թե աշխատողների շրջանում գործը կորցնելու անհանգստություն կա, մինչդեռ ֆաբրիկայի աշխատակիցների ընտանիքներում հերքում էին, թե իրենց նկատմամբ որևէ պարտադրանք եղել է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG