Մատչելիության հղումներ

Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքով քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով


«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակելու դեպքով քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին [Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել ] և 235-րդ հոդվածի 1-ին մասերով [Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը], հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ հաղորդագրության՝ նշանակվել է դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն։

Կոմիտեն նշում է, որ այսօր ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ փողոցում կայանված Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պռադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված փամփուշտի պարկուճ, իսկ ավտոմեքենայի սրահից` փամփուշտից արձակված գնդակի պատյան: Նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG