Մատչելիության հղումներ

Իրանում կայացած նախագահական ընտրությունների առաջատարը պահպանողական Էբրահիմ Ռաիսին է


Նախնական տվյալների համաձայն` պահպանողական Էբրահիմ Ռաիսին հաղթել է նախօրեին Իրանում կայացած նախագահական ընտրություններում։ Ընտրությունների կազմակերպման համար պատասխանատու Ներքին գործերի նախարարությունը և պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռաիսիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած Իրանի քաղաքացիների 62 տոկոսը։

Տեղական անկախ աղբյուրների փոխանցմամբ, սակայն, ընտրողների մասնակցության ցուցանիշը բավական ցածր է եղել՝ մոտ 48 տոկոս։ Ընտրողների պասիվության գլխավոր պատճառն, ըստ փորձագետների, Իրանի Պահապանների խորհրդի կողմից բոլոր ազդեցիկ բարեփոխական թեկնածուների որակազրկումն էր, ինչը շատերի համոզմամբ` անխուսափելի է դարձրել գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հովանավորությունը վայելող Ռաիսիի հաղթանակը։

60-ամյա Էբրահիմ Ռաիսին Իրանի դատական համակարգի ղեկավարն է, հայտնի է իր ծայրահեղ պահպանողական հայացքներով։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Ռաիսին ավելի քան 30 տարի առաջ՝ 1988 թվականին, մասնակցել է իրանական կալանավայրերում կազմակերպված արագացված դատավարություններին, որոնց ընթացքում ընդամենը մի քանի ամսում հազարավոր քաղբանտարկյալներ դատապարտվել էին մահվան։

XS
SM
MD
LG