Մատչելիության հղումներ

Զոհերի թիվն այս պահին 3 հազար 705 է, անհետ կորած 268 մարդ կա, շեշտեց Փաշինյանը


Այս պահի դրությամբ պատերազմի զոհերի թիվը 3 հազար 705 է, անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ 268 մարդ կա, երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստաընկերության նախընտրական բանավեճի ընթացքում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաստատված գերիների թիվն այս պահի դրությամբ 60-ն է և ունեն վարկած ևս 110 հոգու գերեվարված լինելու վերաբերյալ։

«Ուզում եմ ընդգծել, որ այս ընթացում վերադարձվել է 89 գերեվարված անձ, որոնցից 6-ը գերեվարված են եղել մինչև պատերազմը։ Ուզում եմ նաև ընդգծել, որ 94 թվից մինչև օրս Հայաստանում 395 մարդ անհետ կորած է համարվում», - ասաց Փաշինյանը։

Օրերս Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում հայտարարեց՝ ապրիլին կառավարությանը զեկուցվել է, որ անհետ կորածների թիվը 1064 է, իսկ Ազգային ժողովում հայտարարվել է 321 անհետ կորածի մասին։ Քննչական կոմիտեն ի պատասխան հայտնեց, որ անհետ կորած զինծառայողների ու խաղաղ բնակիչների թիվը 275 է։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնեց՝ անհետ կորածների թիվն անընդհատ փոխվում է։

«Մեր ունեցած ականաքարտեզների մի փոքր մասն ենք տվել»

Անդրադառնալով Ադրբեջանին ականապատված տարածքների քարտեզները փոխանցելու հարցին Փաշինյանը երեկ կրկին վերահաստատեց՝ եղած քարտեզների մի փոքր մասն են տվել։

«Մեր ունեցած ականաքարտեզների ամբողջը չենք տվել, մի փոքր մասն ենք տվել միայն, և ոչ թե փոխանակել ենք ականապատ դաշտերի քարտեզները գերիների հետ, այլ վերադարձի հումանիտար քայլին պատասխանել ենք հումանիտար քայլով, որովհետև դրանք այն ականները չեն, որ բաժանում են մեզ ադրբեջանցիներից, այլ այն ականներն են, որ գտնվում են նրանց թիկունքում», - շեշտեց վարչապետի պաշտոնակատարը։

Նշենք, որ հունիսի 12-ին Ադրբեջանը Միացյալ Նահանգների և Վրաստանի միջնորդությամբ Հայաստանին վերադարձրեց 15 ռազմագերիների, երբ հայկական կողմը Բաքվին հանձնեց Աղդամի ականապատման քարտեզը։

XS
SM
MD
LG