Մատչելիության հղումներ

Թուրքիան վճռորոշ դեր կխաղա Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը Բրյուսելում, 14-ը հունիսի, 2021թ.

Թուրքիան վճռորոշ դեր կխաղա Աֆղանստանում անվտանգության ապահովման գործում` միջազգային ուժերի դուրսբերումից հետո, երեկ հայտարարել է Սպիտակ տունը, մանրամասնելով` անցած շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանը պայմանավորվել են, որ Անկարան երաշխավորելու է Համիդ Քարզայի անվան օդանավակայանի անվտանգությունը:

«Էրդողանը ամերիկյան կողմից որոշակի աջակցության է պահանջել, և Բայդենը պարտավորվել է տրամադրել այդ օժանդակությունը», - հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:

Ինքը` Էրդողանը, օրեր առաջ հայտարարել էր, թե Թուրքիայի խաղաղարար առաքելության դիմաց Ամերիկան պետք է վարձահատույց լինի:

«Ես մեր տեսակետը փոխանցեցի նախագահ Բայդենին և ասացի` «եթե ակնկալում եք, որ Թուրքիան պետք է մնա Աֆղանստանում և որոշակի օժանդակություն ցուցաբերի, ապա Ամերիկայի կողմից դիվանագիտական, լոգիստիկ ու ֆինանսական օժանդակությունը առանցքային նշանակություն ունի», - ասել էր նա:

Թե կոնկրետ որքան և ինչ օժանդակություն է ակնկալում Անկարան, այս պահին հստակ չէ: Սպիտան տան բարձրաստիճան պաշտոնյան միայն նշել է, թե «Բայդենի և Էրդողանի միջև հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի Թուրքիան գերիշխող դեր է ստանձնելու Աֆղանստանի միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովելու հարցում»:

Շուրջ քսան տարվա խաղաղարար առաքելությունից հետո Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է այս տարի` մինչև սեպտեմբեր, Աֆղանստանից դուրս բերել իր 130-հազարանոց զորքը: Միջազգային ուժերի դուրսբերմանը զուգահեռ` ակտիվացել են թալիբ զինյալները, որոնք, ըստ հաղորդումների, գրեթե ամեն օր նոր թաղամաս ու բնակավայր են վերցնում իրենց վերահսկողության ներքո:

Զինված խմբավորումը չի ողջունում նաև Աֆղանստանում մնալու Թուրքիայի նկրտումները: Թալիբների ներկայացուցիչն անցած շաբաթ, մասնավորապես, հայտարարել էր, թե թուրքական զորքը ևս պետք է հետևի արևմտյան գործընկերների օրինակին և դուրս գա Աֆղանստանից:

Զինյալների այս պահանջը, սակայն, ըստ Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհդականի, Էրդողանի և Բայդենի ծրագրերին չի խոչընդոտել: Սալիվանի խոսքով՝ համաձայնության գալով այս կարևոր հարցում, Էրդողանին ու Բայդենին միաժամանակ չի հաջողվել լուծել վեճը Թուրքիայի կողմից ռուսական C-400 (S-400) համակարգերի գնման շուրջ: «Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը», - ասել է Սալիվանը` չմանրամասնելով, թե Վաշինգտոնում կոնկրետ ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը, որի պատճառով Ամերիկան պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ և դուրս թողել F-35 կործանիչների արտադրության ծրագրից:

XS
SM
MD
LG