«Հյուսիսային Կորեայում պարենային կացությունը լարված է»․նախօրեին Փհենյանում իշխող Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի պլենումի ընթացքում նման հայտարարությամբ է հանդես եկել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չոն Ունը։
Նրա պնդմամբ, պարենային շուկայում առկա լարվածության գլխավոր պատճառը «կորոնավիրուսի համաճարակն է և երկրի տարածքում արձանագրված թայֆունները»։
Դրա հետ մեկտեղ Հյուսիսային Կորեայի ղեկավարը հայտարարել է, որ նախորդ տարվա համեմատ տնտեսական վիճակը երկրում բարելավվել է, արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 25 տոկոս։
Արևմտյան փորձագետների համոզմամբ, աշխարհի ամենափակ երկրներից մեկը համարվող Հյուսիսային Կորեայի ղեկավարի՝ պարենային շուկայում տիրող ծանր կացության մասին խոստովանությունն աննախադեպ է և կարող է վկայել սովի վտանգի մասին։
Վերջին անգամ Հյուսիսային Կորեայում զանգվածային սով էր արձանագրվել 90-ականների կեսերին։ Արևմտյան մարդասիրական կազմակերպությունների որոշ գնահատմամբ , 1994-ից 98-ին Հյուսիսայի Կորեայում սովամահության դեպքերի թիվը գերազանցում էր 3 միլիոնը։