Մատչելիության հղումներ

Ավարտվեց Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը


Ի տարբերությունու նախորդ տարվա այս տարի «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթն անցկացվեց ոչ հեռավար կարգով, այլ միջազգային մրցութային բոլոր չափանիշներին ու ընթացակարգերին համաձայն, ինչն իհարկե բավական բարդ էր աշխարհում դեռ մոլեգնող համավարակի պատճառով:

Տարբեր երկրների անվանի երաժիշտներից բաղկացած մրցութային հանձնաժողովը Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանի գլխավորությամբ մրցույթի հաղթող ճանաչեց ճապոնացի դիրիժոր Դաիչի Դեգուչիին, երկրորդ մրցանակին արժանացավ չինացի դիրիժոր Յուկուան Ջինը, երրորդ մրցանակն շնորհվեց Միացյալ Նահանգներից ժամանած դիրիժոր Էլիաս Բրաունին:

Հարկ է նշել նաև, որ «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթը Հայաստանում միակն է, որ հաղթողներին նաև ամենաբարձր դրամական պարգևատրումներն է սահմանել՝ առաջին մրցանակակիրը, օրինակ, արժանանում է 10 հազար ամերիկյան դոլարին համարժեք դրամական պարգևի։ Շնորհվում են նաև հատուկ մրցանակներ տարբեր անվանակարգերում, իսկ մրցույթի լավագույն մասնակիցներին հնարավորություն է տրվում համերգներով հանդես գալու Հայաստանում:

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Պետք է գոհունակությամբ նշել, որ ստացվեց իրականացնել, չնայած բոլոր մարտահրավերներին։ Դուք լավ գիտեք, որ աշխարհը դեռևս բաց չէ ամբողջությամբ, և այսքան մասնակիցներ հյուրընկալել Հայաստանում, ժյուրիի նման պատկառելի կազմ հյուրընկալել Հայաստանում, նաև փորձել ներկայացնել Հայաստանը, Հայաստանի երաժիշտներին․․․ Պետք է գոհունակությամբ նշել, որ մեզ հաջողվեց իրականացնել և հաջողությամբ ավարտին հասցնել Արամ Խաչատրյանի անվան 17-րդ միջազգային մրցույթը»։

Մրցութային միջազգային հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ է որոշում հաղթողներին, իսկ հանձնաժողովի անաչառ գնահատականներով պայմանավորված է մրցույթի թե՛ հեղինակությունը միջազգային ասպարեզում, թե՛ այս 17 տարիների ընթացքում գրանցած հաջողությունը․ - «Քանի որ WFIMC-ի անդամ ենք, ասեմ, որ երեկ մեկնարկեց WFIMC-ի` Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի տարեկան կոնֆերանսը, որին մենք առցանց ենք մասնակցում այս տարի՝ պայմանավորված նրանով, որ մեր մրցույթը ամփոփելու դեռ անելիք ունենք, բոլոր կանոնակարգերը, բոլոր չափորոշիչները պահպանված են։ Եվ աշխարհին տվեցինք նոր անուններ, որոնք վստահաբար իրենց տեղը կունենան համաշխարհային երաժշտության ասպարեզում»։

Թովմասյանն ասաց, որ արդեն սկսել են նախապատրաստվել հաջորդ տարվա մրցույթին․ - «Արդեն իսկ հայտարարել ենք, որ հաջորդ տարի թավջութակի մասնագիտության մեջ կկայանա մրցույթը։ Այսօր մենք կամփոփենք արդեն մեր կատարած աշխատանքը, կհասկանանք մեր առավելությունները, ինչու ոչ՝ նաև բացթողումները որոշակի առումով, և առաջիկա ամսվա վերջում կսկսենք 2022 թվականի Խաչատրյանի անվան միջազգային 18-րդ մրցույթի պլանավորման աշխատանքները»։

XS
SM
MD
LG