Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը


Երեկ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն էր, որն արդեն 17-րդ  տարին է նշանավորվում է նրա անունը կրող միջազգային մրցույթի մեկնարկով` Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցող գալա-համերգով:

Մինչև այդ, ավանդույթի համաձայն, կեսօրին նրա արվեստի երկրպագուները՝ կոմպոզիտորներ, երաժիշտներ և այլք, նախ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, ծաղիկներ դրեցին մեր մեծագույն կոմպոզիտորի շիրիմին, ինչից հետո, կրկին ավանդույթի համաձայն, գնացին Արամ Խաչատրյանի տուն-թանգարան՝ մասնակցելու մեկ այլ ավանդական իրադարձության՝ պատանի կոմպոզիտորների ստուգատես- փառատոնին:

«Այսօր բոլորիս համար տոն է, մեր մեծ մաեստրոյի տարեդարձն ենք նշում։ Եվ ինչպես տարիներ շարունակ, ավանդույթի համաձայն, այսօր մեր օրը սկսում ենք այստեղ՝ Կոմիտասի անվան պանթեոնում մեր հարգանքի տուրքը մատուցելով մեծ մաեստրոյի շիրիմին։ Այնուհետև վերադառնում ենք թանգարան, որտեղ, կրկին ըստ ավանդույթի, արդեն այս տարի 42-րդ անգամ կանցկացվի պատանի ստեղծագործողների մրցույթ-փառատոնի գալա-համերգը։ Պետք է ասեմ, որ այդ մրցույթ-փառատոնը մենք ամեն տարի անցկացրել ենք քաղաքապետարանի աջակցությամբ, սակայն, ցավոք սրտի, այս տարի իրենք նպատակահարմար չգտան այդ աջակցությունը շարունակել։ Բայց բնականաբար, մենք ավանդույթը չենք խախտելու, և այն տեղի կունենա, որովհետև ունենք բազմաթիվ հայտեր պատանի ստեղծագործողների, որոնք իրենց ստեղծագործությունները կներկայացնեն այսօր ժյուրիի անդամներին։ Տուն-թանգարանը այդ մրցույթ-փառատոնը կանցկացնի Համահայկական երաժշտական համաժողովի հետ համատեղ», - «Ազատության» հետ զրույցում ասաց տուն-թանգարանի տնօրեն, անվանի դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը։

Պատանի կոմպոզիտորների ստուգատես-փառատոնի կազմակերպմանն այս տարի թանգարանին իր աջակցությունյունը ցուցաբերած Համահայկական երաժշտական համաժողովի նախագահ, անվանի կոմպոզիտոր Լևոն Չաուշյանը հավելեց․ - «Մեր ամբողջ երաժշտությունը կազմվել է իր արահետներով, որ ինքը գծեց ժամանակին։ Առաջին բալետի հեղինակն է, առաջին սիմֆոնիայի, առաջին կոնցերտի, ամեն ինչի առաջինը։ Եվ առաջին մարդը, որը դուրս բերեց հայ երաժշտությունը ամբողջ աշխարհով մեկ։ Պետք է ավելացնեմ, որ այսօր 42 տարի է լրանում, որ միշտ այցելելուց հետո մենք գնում ենք տեսնելու մեր ապագան։ Իսկ մեր ապագան մեր պատանի կոմպոզիտորներն են, որոնք մասնակցում են Արամ Խաչատրյանին նվիրված ստուգատեսին, որտեղ չկան հաղթողներ, չկան պարտվողներ, այլ կան միայն մարդիկ, որոնք բերկրանք ենք ստանում մտնելով այդ տունը և ներկայացնելով իրենց արվեստը»։

Բացի պատանի կոմպոզիտորների ստուգատես-փառատոնից Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը մաեստրոյի ծննդյան օրը ևս մի ավանդական ուշագրավ նախաձեռնությամբ է հանդես գալիս:

Ներկայացնում է Արմինե Գրիգորյանը․ - «Մաեստրոյի ծննդյան օրը տուն-թանգարանը իրեն որևիցե ընծա է նվիրում։ Այս տարի դա մեր նոր անիմացիոն ֆիլմն է, որը կոչվում է «Շրջագայենք Արամ Խաչատրյանի հետ միասին»։ Շատ հետաքրքիր ֆիլմ է, որը ներկայացնելու ենք չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն։ Եվ այնտեղ լուսաբանվելու են Արամ Խաչատրյանի շրջագայությունները և իր հանդիպումները ճանաչված համաշխարհային դեմքերի հետ»։

Վերադառնալով պատանի կոմպոզիտորների փառատոնին՝ Գրիգորյանն ասաց․ - «Հիմնադրվել է 1978 թվականին։ Եվ պետք է ասել, որ այս տարիների ընթացքում ոմանք, ովքեր այս փառատոնին մասնակցել են արդեն դարձել են ճանաչված երաժիշտներ, կոմպոզիտորներ, որոնց ստեղծագործությունները հնչում են աշխարհի տարբեր բեմերում։ Եվ ես պատկերացնում են, թե որքան հուզումնալից է և որքան պատասխանատու է իրենց ելույթները մաեստրոյի տան պատերի ներքո, և որքան ոգևորում է դա իրենց։ Այնպես որ, այս ավանդույթը իհարկե չի կարելի խախտել։ Այս տարի ներկայացվել է տասը հայտ, բոլորը դպրոցական տարիքի երեխաներ են, իրենց առաջին քայլերն են ներկայացում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG