Մատչելիության հղումներ

Վաղը մեկնարկող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ


Ամեն տարի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցող գալա համերգով մեկնարկում է նրա անունը կրող միջազգային մրցույթը՝ յուրաքանչյուր տարի որոշակի մասնագիտությամբ: Այս տարի հունիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք Արամ Խաչատրյանի անվան ամենամյա, արդեն 17-րդ միջազգային մրցույթի մասնակիցներն են 18-36 տարեկան 20 դիրիժորներ՝ աշխարհի 15 երկներից:

«Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամի» գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանն ընդգծում է. «Ամսի 6-ին կմեկնարկենք գալա համերգով, որի մենակատարն է Ջոնաթան Սվենսենը` 2014 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթողը: Կղեկավարեն մաեստրո Սերգեյ Սմբատյանը, ով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է, ինչպես նաև Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավարը, ինչպես նաև Ջուն Սան Պարկը, ով 2016 թվականի առաջին դիրիրժորության մրցույթի հաղթողն է: Այնուհետև կհետևեն մրցույթի փուլերը, և կեզրափակենք հունիսի 12-ին գալա համերգով փակման և մրցանակաբաշխությամբ»:

Մրցութային միջազգային հանձնաժողովն այս տարի կնախագահի Հայաստանի ազգային հերոս, ավելի քան 60 տարի Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը: Մրցութային հանձնաժողովի կազմում են անվանի դիրիժորներ, երաժիշտներ տարբեր երկրներից: Հովհաննես Չեքիջյանի խոսքով. «Մեր ազգային հպարտությունն է Արամ Խաչատրյանը, քիչ առիթներ ունենք, որ հպարտանանք, բայց նրա ամեն մի գրած նոտան հավերժություն է, հավերժական է: Չկա մի ազգ, որ իրեն չգնահատի, չսիրի և չհիանա: Այս մեծությունը հավերժացնելու համար նաև սա մի առիթ է, այս մրցույթը, որի համար մենք պարտական ենք պարոն Սմբատյանին: Ուզեց ինչպես միշտ, ինչպես իր ամբողջ կյանքում սատար կանգնել մեր հայ արվեստին և լավ կազմակերպում է այս մրցույթը, որը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում»:

«Ազատության» հարցին, թե ինչ որոշակի չափանիշներով է գնահատվելու մրցույթի մասնակից դիրիժորների վարպետությունը, Հովհաննես Չեքիջյանն ընդգծեց. «Դիրիժորները հանդիսանում են որպես մեկնաբան, նոտաները նույնն են, բայց մեկնաբանները` տարբեր, որոնք դիրիժոր են կոչվում: Թե հեղինակն ինչ է ուզեցել ասել այդ նոտաների միջոցով, նոտաները ձայնի վերածելը երաժշտություն չէ, տեսնեն, որ այդ նոտաների միջոցով հեղինակն ինչ է ուզեցել ասել: Սա դիրիժորի ամենախոշոր պարտականությունն է: Ավարտը չի դրված: Ֆրանսիացին ասում է, որ դիրիժորը ծնվում է փայտիկը ձեռքին, ամեն երաժիշտ չէ, որ կարողանում է դիրիժորություն անել: Սա մեկ, երկրորդը` պետք է դիրիժորը տեխնիկա ունենա, բայց էապես կան օրենքներ, որի միջոցով իր ենթակա արտիստները հասկանում են, այլապես չեն հասկանա: Եվ երրորդը` բեմական հմայք, որը նաև լուրջ նշանակություն ունի: Այս երեք հատկությունները բնորոշում են դիրիժորին: Մեր գործը հեշտ չի, այլ տվյալներով, ինչով կատարում ենք, բոլորը լավն են, բայց մենք պիտի աշխատենք շատ անաչառ կերպով ընտրել ամենալավին»:

Նշենք նաև, որ մրցութային փուլերի ընթացքում մրցույթին մասնակից դիրիժորների մեկնաբանմամբ կներկայացվեն թե՛ Արամ Խաչատրյանի, թե՛ արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, նաև հայ ժամանակակից կոմպոզիտորներից Տիգրան Մանսուրյանի հատուկ այս մրցույթի համար գրված ստեղծագործությունը:

Այսօր մրցույթից առաջ հրավիրված ասուլիսին Տիգրան Մանսուրյանը շեշտում էր. «Աննախընթաց գեղեցիկ իրադարձություններից մեկն է ինքնին այս մրցույթը, որ այլևս գոյություն ունի 17 տարի շարունակաբար: Մեր կյանքը հաճախ այսպիսի տևականության խնդիրներ չի պարգևում մեզ: Հաջողվել է այս մրցույթը կազմակերպող երաժիշտներին` Արմեն Սմբատյանին, հետևողականորեն տարեցտարի կիրառել այս փառավոր իրադարձությունը, որը, անշուշտ, մեզ հնարավորություն է տալիս թե՛ հոգոպես մեծ հարստության հետ շփվելու նորից ու նորից, բայց միաժամանակ կապվել աշխարհի հետ, աշխարհի երաժշտական մշակույթի տարբեր շերտերի և երկրների հետ»:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանի համոզմամբ էլ` այս տարիների ընթացքում մրցույթը կատարել է իր առջև դրված նպատակը՝ ողջ աշխարհում տարածել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ մրցույթի շնորհիվ հնարավորինս շատ երաժիշտների ներգրավելով խաչատրյանական անմահ գործերի կատարմանը. «Խաչատրյանի ջութակի, դաշնամուրային կոնցերտը և թավջութակի ռապսոդիան այս տարիների ընթացքում կատարել է 2600 արվեստագետ: 2600 երաժիշտ նոր սովորել է այդ կոնցերտը: Դա նշանակում է, որ նրանք կատարելու են ոչ միայն մասնակցելու Երևանում մրցանակաբաշխությանը, այլ աշխարհում կատարում են: Ես հիշում եմ` Բերեզովսկուն հարցրեցի` Արամ Խաչատրյանի կոնցերտը ինչքա՞ն եք, քանի՞ անգամ եք կատարում տարեկան: Նա ասաց, որ այս տարի ես արդեն 25 անգամ կատարել եմ տարբեր երկրներում: Մեր ցանկությունն է, որ կատարեն, իսկ ի՞նչն է պատճառը, որ այդքան հաճախ: Ասաց` ամենաշատը ծափահարությունները ստանում եմ Արամ Խաչատրյանի կոնցերտից հետո»:

XS
SM
MD
LG