Մատչելիության հղումներ

Գարեգին 2-րդը Իտալիայի դեսպանի հետ հանդիպմանը կարևորել է խնդիրների հաղթահարման գործում միջազգային հանրության ջանքերը


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին:

Ըստ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համարագի՝ Վեհափառ Հայրապետը դեսպանին է ներկայացրել իր մտահոգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ոտնձգությունների, ռազմագերիներին ազատ չարձակելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Հայոց Եկեղեցու հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ դրսևորվող ոչնչացման և յուրացման քաղաքականության առնչությամբ։

Առկա խնդիրների հաղթահարման գործում Գարեգին երկրորդը կարևորել է միջազգային հանրության և բարեկամ երկրների ջանքերը։

Ադրբեջանական զորքը ավելի քան մեկ ամիս էՀայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Այս ընթացքում հայ և ադրբեջանցի զինվորականների ձեռնամարտեր են եղել, անասնագողության դեպքեր, մեկ հայ զինծառայող է զոհվել, վեցն էլ` գերեվարվել։ Նրանցից չորսը օրերս հայրենադարձվեցին։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

XS
SM
MD
LG