Մատչելիության հղումներ

Արցախի համար առաջնահերթությունների թվում է տեղահանվածների վերադարձը, ասում է Արայիկ Հարությունյանը


Տեղահանված բնակիչների խնդիրները գտնվում են Արցախի կառավարության ուշադրության կենտրոնում, այսօր Երևանում Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների հետ հնադիպման ժամանակ ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով բնակիչների կորցրած շարժական և անշարժ գույքի փոխհատուցման խնդիրներին՝ Հարությունյանը նշել է, որ ստեղծվել է հանձնաժողով, որը կգնահատի դրանց ծավալները և պետության կողմից, բացի որոշակի դրամական աջակցությունից, կտրվի նաև պարտքը վերադարձնելու հավաստագիր, որը մինչև նախատեսված ժամանակացույցի ավարտը տարեկան տոկոսադրույքի եղանակով նաև որոշակի դրամական եկամուտ կապահովի:

Հարությունյանը նաև ընդգծել է՝ բոլոր տեղահանված քաղաքացիների վերադարձն Արցախ շարունակում է մնալ Կառավարության առաջնահերթություններից:

Նրա խոսքով՝ այն ընտանիքները, որոնք Արցախում մշտական բնակություն կհաստատեն, պետության կողմից կստանան բնակարան, համապատասխան գույք և տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ աջակցություն։

Պատերազմի հետևանքով Ադրբեջանի տիրապետության տակ անցած շրջաններից ընդհանուր առմամբ տեղահանվել է 9 հազար 396 ընտանիք կամ 38 հազար 154 հոգի։ Տեղահանված ավելի քան 9 հազար ընտանիքից 1700-ն արդեն օգտվել է Արցախում վերաբնակեցման ծրագրից։

XS
SM
MD
LG