Մատչելիության հղումներ

Պատերազմից հետո մինչև 30 հազար արցախցիներ մնացել են Հայաստանում


Տեսարան Շուշիից, 2015թ․
Տեսարան Շուշիից, 2015թ․

Շատերը գնալու հասցե չունեն, տունն ու բնակավայրն անցել է Ադրբեջանին։

Երևանում գործող Արցախի օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Կամո Պետրոսյանը նախկինում13 հազար բնակիչ ունեցող Հադրութի վարչակազմի ղեկավարն էր։ Շրջանի 45 մեծ ու փոքր համայքններն այլևս հայկական չեն։ Շուրջ 9 հազար հադրութցիներ ապաստան են գտել Երևանում ու մարզերում։

«Ճիշտը որ ասենք՝ սկի Ստեփանակերտում էլ էդ հնարավորությունները չկան, որ մարդկանց տեղավորենք, ոնց որ այսօր Երևանում, նույնը՝ Ստեփանակերտում՝ նույն գներն են, եթե մարդ պետք է վարձով մնա, կարելի է ասել, նույն գներն են և՛ Ստեփանակերտում, և՛ Երևանում, ոչ մի տարբերություն չկա։ Եվ աշխատանքի հետ կապված՝ իհարկե Երևանը մեծ քաղաք է, որոշ մարդիկ կարողանում են ինչ-որ աշխատանքներ ճարել», - ասաց Պետրոսյանը։

Վերադառնալու տեղ չունեն նաև քաշաթաղցիները, հիմնականում վերաբնակեցման ծրագրերով այդ շրջանում հաստատված մարդիկ վերադարձել են Հայաստան. ավելի քան 10 հազար քաշաթաղցի այստեղ է, շատերը՝ վերադարձի հույսով։

«Ես իմ տունը շատ ուժեղ եմ սարքել, շատ, ու երկու ամիս եմ վայելել, այ դրա համար եմ ձգտում, որ գնամ», - ասաց Արամայիս Եսայանը։

Գեղեցիկ Գասպարյանն էլ նշեց․ - «Իմ խանութը մնաց, իմ տունը՝ եվրոստիլով սարքած, հարևանս թող ասի, ամբողջ մեբելով բանով թողել, դուրս ենք եկել՝ փախել ենք։ Ես վերջին՝ 18-ի իրիկունն եմ փախել, երբ որ մեզ եկան, զգուշացրեցին, որ թուրքը մտնում ա, փախեք։ Մենք էլ փախանք, ժարիտը թողել եմ գազին, փախել եմ, ո՞նց ա Ձեզ համար»։

Գեղեցիկ Գասպարյանը 21 տարի առաջ էր Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքից մեկնել Քաշաթաղ, հիմա վերադարձել է ելման կետ, միայն թե տունն է վարձով․ ամսական՝ 100 հազար դրամ։

30 հազար դրամ՝ Հայաստանում, 45 հազար՝ Արցախում. կառավարությունը հյուրընկալող տանտերերին այսքան գումար է առաջարկում որպես տան վարձի փոխհատուցում հյուրընկալված չափահաս արցախցիների համար։

Այսօր էլ կառավարության նիստում ծրագիրը երկարաձգվեց ևս երեք ամսով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տվյալով, շուրջ 7 հազար չափահաս արցախցիներ են օգտվում այս ծրագրից։ Արցախի օպերատիվ շտաբում, սակայն, շեշտում են՝ այցելուների հիմնական մասը՝ վարձով ապրող արցախցիներ, բողոքում է հենց այս ծրագրից։

«Ընդհանուր առմամբ հյուրընկալության ծրագիրը չի գործում, իսկ էն մարդիկ, ովքեր լրացրել են, առայսօր էդ գումարը չեն էլ ստացել, իսկ տան տերը դա չի սպասում, իրեն հետաքրքիր էլ չի, թե էդ գումարը երբ կլինի, բնականաբար, էդ մարդն իրա փողն ա ուզում», - ասաց Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակի աշխատակից Լիլիթ Անդրեասյանը։

Անդրեասյանը շեշտում է՝ շուշեցի այստեղ ու անտուն մնացած 400 ընտանիքներից քչերն են բնակվարձի փոխհատուցում ստացել։ Նույն բողոքը Հադրութի գրասենյակում է։

«Շատ վատ է ընթանում այդ պրոցեսը՝ հյուրընկալման պրոցեսը, գումարները մի մասն առայսօր չեն ստացել։ Ասեմ որ գնում են սոցապ ծառայություն, դիմում են, նույնիսկ ասում են՝ «բա դուք սխալ եք լրացրել»։ Ի՞նչն ենք սխալ լրացրել, եթե սխալ ենք լրացրել, ենթադրենք, չի իմացել, խի՞ չեք օգնում, խի՞ չեք ճշտում, որ էդ մարդն էդ գումարից ստանա», - ասաց Արցախի կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալ Կամո Պետրոսյանը։

Նրա խոսքով, արցախցիներն ամիսներով թղթաբանական քաշքշուկի մեջ են ընկնում․ դեկտեմբերին դիմել են, մարտն ավարտվում է՝ գումարները չեն փոխանցվել․ - «Գոնե այդ թղթային քաշքշուկից հետո էդ մարդկանց գումարները տան»։

Սոցիալական ապահովության ծառայության քաղաքացիների հետ համագործակցության վարչության պետ Նոնա Սարգսյանի տեղեկացմամբ, տվյալների համադրումը երկար է տևում․ արցախցու նախկին բնակավայրում բնակված լինելու հիմքը Ստեփանակերտում են տալիս, բնակարանների սեփականատերերի կադաստրային տվյալները հաճախ կիսատ-պռատ են։ Այս ամենի պատճառով է ձգձգվում գումարի փոխանցումը։

Հյուրանոցներում ապաստան գտած արցախցիներն էլ են վերջին շրջանում տագնապած շտաբ հասնում, հյուրանոցատերերը ցանկանում են ազատել սենյակները՝ զբոսաշրջիկների հույսով։

«Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ»․ վարչապետ Փաշինյանի հռչակած ճանապարհային քարտեզի երկրորդ կետն է։ «Ունենք շոշափելի արդյունք և անելիքների մեծ ծավալ», - չորս ամիս անց հայտարարում է Փաշինյանը Արցախի նախագահի հետ այսօր հրավիրած խորհրդակցության ժամանակ։

Արայիկ Հարությունյանը համոզված է, որ ացախցիները հացի խնդիր չունեն, ունեն բնակարանների կարիք․ - «Ըստ մեր պլանների, համարում եմ, որ պետք է կառուցվի առնվազն 5 - 5,5 հազար բնակարան 2,5-3 տարիների ընթացքում»:

Պաշտոնական տվյալով, Արցախն այսօր 120 հազար բնակիչ ունի։ Արցախի դատախազությունն է հաղորդագրություն տարածել «Վիճակագրությունը մտահոգիչ է» վերնագրով։

Այս պատերազմն արցախցիներին դարձել է հուզական ու դյուրագրգիռ և աճել են ինքնասպանության ու ինքնասպանության փորձերի դեպքերը։ Ըստ դատախազության, այս տարվա երրորդ ամիսն է, ու արդեն 6 դեպք է գրանցվել փոքրիկ Արցախում։ «Մարդը բարձրագույն արժեք արժեք է», - սահմանադրական այս մեջբերմամբ դատախազությունը հորդորում է միմյանց հանդեպ լինել անսահման հոգատար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG