Մատչելիության հղումներ

Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Փաշինյանը Հայաստանի պետականությունը «դրեց խաղաքարտի սեղանին ու կրվեց»


Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) փոխնախագահ Արամ Մանուկյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խումարի նման խաղաքարտին դրեց Հայաստանի պետականությունը ու կրվեց։

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հետ զրույցում Մանուկյանը միևնույն ժամանակ ընդգծեց՝ Փաշինյանը խաղաքարտին է դրել նաև նախորդ պատերազմի վաստակը՝ զոհաբերելով հաղթանակի տարիները, «մեր կյանքի 30 տարին ինքը ջուրը գցեց»։

Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Ապրիլյան պատերազմից հետո քարոզարշավի մեջ մտած ՀԱԿ-ը խաղաղության ծրագիր ներկայացրեց, պարոն Մանուկյան, այդ տարի, հիշում եք, դուք խորհրդարան չմտաք՝ 2017-ն էր, հիմա Ձեր տպավորությամբ, դուք արդեն ասում եք, որ հանդիպումներ եք սկսել, մարդիկ առաջնային հենց դա՞ են համարում՝ անվտանգությո՞ւնը:

Արամ Մանուկյան․ - Իհարկե, հասկացող մարդիկ իհարկե, մեր հույսը հենց դրա վրա է։ Ներող կլինեք, իմ պառլամենտում լինելն ինձ բացարձակ չի հետաքրքրում, կամ իմ թիմին։ Էս երկիրը էդ գաղափարը պիտի ընկալի վերջապես հասունանա, ներող կլինեք, հասարակ քաղաքացին, որ դրանից բարձր խնդիր գոյություն չունի, իր երեխու երաշխավորված ապագան անվտանգ Հայաստանի մեջ է, սահմանները պաշտպանված Հայաստանի մեջ է և գաղափարի մեջ է, ինձ ձայն մի տվեք, ձայն տվեք էն գաղափարին, որը ես առաջարկում եմ։ Ես կենաց չեմ առաջարկում, հեքիաթ չեմ տալիս, ոչ մի խոստում չեմ տալիս, ես նման եմ այն բժշկին, որը քեզ ասում է՝ «դու հիվանդություն ունես, ծանր հիվանդություն»։ Հիվանդն էդ բժշկին չի սիրի, որ դու ասես՝ «քաղցկեղ ունես, քեզ պիտի վիրահատեմ ու դու կարող ա մեռնես»։ Հարկավոր է դառը իրականությանը հետևել, մեր ասելիքը դա է, Լևոն Տեր-Պետրոսյանի անձը չի, որ մենք հիմա քննարկում ենք, իրա գաղափարն ենք քննարկում։ Ցավոք սրտի, դեռևս, իսկ էս վերջին 20 տարվա ընթացքում էս մոտեցումն ընդհանրապես ոտնատակ տրվեց, գաղափարին չեն քվեարկում, հորեղբոր տղուն են քվեարկում, գեղապետին են քվեարկում, դիրեկտորին են քվեարկում։

«Ազատություն»․ - Նախկիններից է այսօր խոսվում և այլն, և այլն, ես դա նկատի ունեմ, այսինքն՝ մարդկանց մտահոգությունն անվտանգությո՞ւնն է։

Արամ Մանուկյան․ - Ի՞նչ է նախկինը, ի՞նչ է ներկան, ի՞նչ է Նիկոլը, նախկինը գաղափարախոսություն է, անձերը մոռացեք, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյաննն իմ թշնամին չեն անձնական, բայց նրանց արածն ինձ համար թշնամություն է, իմ երկրի արածի համար թշնամություն է․ բանակ գողանալ, սեփականություն դիզել, մարդու իրավունքներ, հոկտեմբերի 27, Մարտի 1, էս ամենը քաղաքացին պիտի տեսնի, որ իդեային քվեարկի, ծրագրին քվեարկի, իրա հոգուն ու իրա էրեխու ապագան քվեարկի, ոչ թե հորեղբոր տղուն, ես սրանից եմ զայրանում, տրագեդիան հենց սրա մեջ է։ Վերջապես էս ազգը պիտի լրջանա, թե՞՝ չէ, որ վերջապես ոչ թե Լևոնին քվեարկի, այլ Լևոնի գաղափարը, պետականության գաղափարը, պետությունը պահպանելու գաղափարը։

«Ազատություն»․ - Բայց Փաշինյանն էլ համոզված էր, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին, գիտեք այդ քննադատությունը։

Արամ Մանուկյան․ - Աբսուրդի, էդ մանկականության, էդ տղայականությանն անգամ դժվար է պատասխանել, եթե դեմս լիներ մտավորական ու իդեա տար, մոտեցում տար, ռազմավարություն տար, ես նստեի հետը գաղափարական վեճ տանեի։

«Ազատություն»․ - Բայց պատասխանելու հնարավորություն կա, պարոն Մանուկյան, հիմա ինչո՞ւ չգնալ բանավեճի։ Նայեք, եթե ճիշտ եմ հասկանում Արման Մուսինյանի տարածած հաղորդագրությունից Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում նախընտրական բանավեճի գնալ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հենց Փաշինյանն է տարբեր մեղադրանքներ հնչեցրել, պարոն Մանուկյան, այդ թվում, որ Տեր-Պետրոսյանն ընտրվելուց հետո իրեն հողերը տալու խորհուրդ է տվել։ «Եթե վախենալու բան չունեն, բոլորը պետք է ընդունեն բանավեճի հրավերը», սա բառացի մեջբերում էր իշխանական պատգամավորի հայտարարությունից։

Արամ Մանուկյան․ - Նիկոլը, եթե մի փոքր հայրենասիրություն կամ համարձակություն ունենար, վաղուց պետք է հրաժարված լիներ՝ հանուն երկրի, հանուն իրա, հանուն էն հեղափոխության, որն 83 տոկոսով իրեն բերեց էստեղ։ Ինքը կործանել է, Աստղիկ, ո՞րն է եղել իմ տրագեդիան, ինքը կործանել է այդ 5 հազարին, գումարած կործանել է ղարաբաղյան առաջին պատերազմի էն 6 հազար էրեխու արյունը, որի արդյունքում մենք Ղարաբաղն ազատագրեցինք, անվտանգության գոտի ստեղծեցինք, Հայաստանի սահմաններն ամրապնդեցինք։ Հիմա տեսեք՝ ինչ է ստացվել, ու սրանից հետո Նիկոլը խոսալու իրավունք, կամ Նիկոլին քվեարկելու իրավունք բացարձակ չկա, եթե ինքը կործանել է, կրկնում եմ, էսօրվա պատերազմը, պլյուս՝ կործանել է նախորդ մեր պատերազմի, իմ սերունդի վաստակը, հաղթանակը, տարածքները։

Մեր պատմության մեջ միակ տարածքային ընդարձակում ունեցող քաղաքական ուժը և ժամանակաշրջանը եղել է առաջին՝ 91-94-ի պատերազմը։ Խումարի նման, գիտեք ինչ տեղի ունեցավ, ինքը ամբողջը՝ մեր պետականությունը դրեց խաղաքարտի վրա, կրվեց և դրեց հաջորդը՝ նախորդ իմ հաղթանակը, եղբայր դու ի՞նչ գործ ունես, ինչի՞ ես Քյարքիի, Շամշադինի գյուղերի, Գորիսի, Ղափանի էդ ճանապարհները դրել քննարկման մեջ, դու դրանք պարտվե՞լ ես, դու դրանք չես պարտվել, բայց դու դրել ես վիճարկման, խաղաքարտի սեղանին ես դրել՝ վիճարկելով և տալով էն, ինչ-որ իմ սերունդը կրել է, էն, ինչ-որ իմ սերունդը․․․ էն մութ ու ցուրտը, մեր էն դժվար տարիները, մեր հաղթանակի տարիներն ինքը զոհաբերեց, հասկանում եք սա ինչ է, մեր կյանքի 30 տարին ինքը ջուրը գցեց։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG