Մատչելիության հղումներ

Այսօր վերսկսվում են մալայզիական Boeing-ի ոչնչացման գործով դատական լսումները


Նիդերլանդներ - Փորձագետները հետազոտում են կործանված օդանավի բեկորները, արխիվ

Այսօր Նիդերլանդներում կվերսկսվեն 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնեցկի օդային տարածքում «Մալայզիական ավիաուղիներ»-ի ուղևորատար օդանավի ոչնչացման գործով դատական լսումները:

Ամստերդամ-Կուալա Լումպուր MH17 չվերթն իրականացնող Boeing-ը վայր է ընկել «Բուկ» տեսակի ռուսական արտադրության հակաօդային պաշտպանության հրթիռով խոցվելուց հետո: Զոհվել են բոլոր 283 ուղևորները և անձնակազմի 15 անդամները, ընդհանուր հաշվով՝ 298 մարդ:

Ենթադրվում է, որ Հաագայի շրջանային դատարանը պետք է հունիսի 8-10-ը քննարկի գործի նյութերը, ուրբաթ օրը՝ հունիսի 11-ին լսումները կշարունակեն: Առաջին օրը կտրամադրվի ընդհանուր հարցերի քննությանը:

Մայիսի 10-ին Նիդերլանդները Ռուսաստանի դեմ գործ է հարուցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որին փոխանցել է առկա նյութերը:

2016 թվականին քննիչների միջազգային խումբը հրապարակել է եզրակացություն, որի համաձայն, օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի զենիթահրթիռային համակարգի արձակած հրթիռով:

2020 թվականին քննիչները հայտնել են, որ օդանավը վայր գցելու համար օգտագործվել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանում տեղակայված 53-րդ զենիթահրթիռային բրիգադի «Բուկ» համակարգը, որը ռուսական կողմը գաղտնի եղանակով փոխադրել և հանձնել է Դոնեցկի շրջանի ռուսամետ անջատականներին:

Դատարանը հեռակա կարգով մեղադրյալ է ճանաչել Ռուսաստանի երեք և Ուկրաինայի մեկ քաղաքացու: Նրանց թվում են Դոնեցկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» նախկին պաշտպանության նախարար, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Իգոր Գիրկինը, Ռուսաստանի ռազմական հետախուզության (ГРУ) երկու սպաներ՝ գնդապետ Սերգեյ Դուբինսկին և փոխգնդապետ Օլեգ Պուլատովը և Դոնեցկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետության» զինված ստորաբաժանումներին միացած ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոն:

Զոհերի ազգականները և բարեկամները կարող են ներկա լինել լսումներին: Դրանց ընթացքում փորձագետները և քննիչները քննարկելու են ողբերգության հետ կապված այնպիսի մանրամասներ, որոնք կարող են չափազանց ճնշող ազդեցություն գործել մարդկանց վրա:

Փորձագետները խոսելու են աճյունների նույնականացման մասին: Զոհերի իրավահաջորդներից ոմանք արդեն ասել են, որ կգերադասեն ներկա չլինել կոնկրետ այդ թեմայի քննարկմանը, ոմանք էլ ասում են, թե որքան էլ ծանր է՝ միևնույն է, ցանկանում են պարզել ճշմարտությունը:

«Գիտեք, մի կողմից ուզում ես իմանալ, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, ինչու և ով է մեղավոր, մյուս կողմից՝ դրա դիմաց ահավոր գին ես վճարում, քանի որ ինֆորմացիան կարող է շոկային լինել։ Երկրորդ օրը կներկայացնեն դիակների նույնականացման տվյալները, և դա մեծ ցավ կպատճառի ընտանիքներին», - ասել է զոհերի ազգականների և բարեկամների խմբի խոսնակ Պիտ Պլոեգը:

Հունիսի 17-ին և 18-ին փաստարկները կներկայացնի մեղադրող կողմը: Լսումները կշարունակվեն հուլիսի 9-ին:

Զոհերի ազգականները և բարեկամները սեպտեմբերին կստանան դատարանին դիմելու հնարավորություն:

Ռուսաստանը և Դոնբասի ռուսամետ անջատականները կտրականապես հերքում են օդանավը ոչնչացնելու մեղադրանքը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG