Մատչելիության հղումներ

Մեկնարկում է Դոնբասում «Բոինգ»-ի խոցման գործով դատավարությունը


Ուկրաինա - Կործանված օդանավի բեկորները, Դոնբասի շրջան, 17-ը հուլիսի, 2014թ.

Այսօր Նիդերլանդներում՝ Սխիպսխոլ ավանում սկսվում է Ուկրաինայի երկրնքում մալայզիական ուղևորատար օդանավի կործանման գործով դատավարությունը:

Ամստերդամից Կուալա Լումպուր չվերթն իրականացնող «Բոինգ-777» տեսակի օդանավը վայր են գցել 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի շրջանում, տեղական ժամանակով 16:20-ին: Զոհվել են անձնակազմի անդամները և բոլոր ուղևորները՝ 298 մարդ:

Հարկ է նշել, որ ողբերգությունից վեց տարի հետո մեկնարկող դատավարությունն իրականացնում է Հաագայի դատարանը, սակայն խոսքը ոչ թե այդ քաղաքում գտնվող միջազգային, այլ տեղական դատարանի մասին է:

Ռուսաստանը վետո է սահմանել գործը միջազգային դատարան փոխանցելու առաջարկի վրա:

Ենթադրվում է, որ սա կդառնա միջազգային պրակտիկայում մեր ժամանակաշրջանի ամենախոշոր և կարևոր դատական գործերից մեկը:

Հոլանդիան և ևս մի քանի երկրներ, որոնց քաղաքացիներն են եղել զոհերը, ցանկացել են գործը քննել միջազգային դատարանում, սակայն Ռուսաստանը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, վետո է դրել և կասեցրել է դրա հնարավորությունը:

Նիդերլանդներն առաջարկել է այդ դեպքում գործը քննել իր օրենքներով, քանի որ MH17 չվերթի զոհերի երկու երրորդը՝ 193 մարդ, Նիդերլանդների քաղաքացիներ են:

Այդպիսով գործը փոխանցվել է Հաագայի դատարան, սակայն լսումները տեղի կունենան ոչ թե Արդարադատության պալատում, այլ Ամստերդամից ոչ հեռու՝ Սխիպսխոլի օդակայանի մոտ գտնվող դատական մեծ համալիրում: Դատը կհեռարձակվի հոլանդերեն և անգլերեն:

Քննիչների խումբը, որի կազմում են Հոլանդիայի, Ավստրալիայի, Մալայզիայի, Բելգիայի և Ուկրաինայի փորձագետները, համոզված է, որ օդանավը խոցվել է «Բուկ» տեսակի ռուսական արտադրության հրթիռով, որն արձակվել է Դոնբասի՝ ռուս անջատականների հսկողության տակ գտնվող տարածքից:

Քննիչները պնդում են, որ հրթիռը Դոնբաս է բերվել Ռուսաստանից՝ Կուրսկի հակաօդային պաշտպանության 53-րդ բրիգադից:

Գլխավոր ամբաստանյալներն են երեք ռուսաստանցիներ՝ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախկին պաշտպանության նախարար Իգոր Գիրկինը՝ մականունը «Ստրելկով», գեներալ-մայոր Սերգեյ Դուբինսկին՝ մականունը «Խմուրի», գնդապետ Օլեգ Պուլատովը՝ մականունը «Գյուրզա», և Ուկրաինայի քաղաքացի Լեոնիդ Խարչենկոն՝ մականունը «Կրոտ»:

Ամբաստանյալները, բնականաբար, ներկա չեն դատավարությանը: Դատարանի դահլիճում կլինեն միայն փաստաբանները:

Ռուսաստանը և Դոնբասի անջատականները պնդում են, թե որևէ առնչություն չունեն օդանավը ոչնչացնելու հետ:

Ենթադրվում է, որ մալայզիական ուղևորատար ինքնաթիռի խոցման գործով դատական լսումները կտևեն մինչև այս տարվա աշուն:

XS
SM
MD
LG