Մատչելիության հղումներ

«Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթին այդ տարի մասնակցում են դիրիժորները

Արամ Խաչատրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ 2003 թվականին հիմնադրվեց երիտասարդ երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ, որն ամեն տարի է մեկնարկում է աշխարահռչակ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին և անցկացվում է երեք փուլով: Մրցույթի երեք փուլերը բաց են, մուտքն ազատ է: Մրցույթի պաշտոնական նվագախումբը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Մրցույթի հաղթողների անունները հայտարարվում են Արամ Խարատրյան համերգասրահում մրցույթի ավարտից հետո կայանալիք գալա-համերգի ընթացքում:

«Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթը յուրաքանչյուր տարի որոշակի մասնագիտական ուղղվածություն ունի: Այս տարի մրցույթին մասնակցում են դիրիժորները:

«Մրցույթն իր 16-ամյա պատմության մեջ արդեն երկրորդ անգամն է կայանում դիրիժորության մասնագիտությամբ։ Առաջին մրցույթը դիրիժորության մասնագիտությամբ կայացավ 2016 թվականին», - «Ազատության» հետ զրույցում նշեց «Արամ Խաչատրյան – մրցույթ» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը։

Այս տարի մրցույթին կմասնակցեն 18-ից մինչև 36 տարեկան 20 դիրիժոր 15 երկրներից, այդ թվում՝ երկու դիրիժոր Հայաստանից:

Թովմասյանն ասաց, որ մրցույթին մասնակցության հայտերն էլ շատ են եղել․ - «Փաստենք, որ չնայած ստեղծված մարտահրավերներին, մրցույթն այս տարի մեծ հետաքրքրություն առաջացրեց համաշխարհային մակարդակում: Աշխարհի գրեթե բոլոր երկրներից հետաքրքրություն ներկայացվեց մրցույթին մասնակցելու համար։ Այս տարի նախ դիմորդների մեջ ունեինք կին դիրիժորներ, և պետք է ուրախությամբ փաստել, որ երկու կին դիրիժոր մասնակից ունենք, երկուսն էլ Կորեայի Հանրապետությունից։ Հետաքրքրական է նաև այն փաստը, որ, չնայած դիրիժորների երիտասարդ տարիքին, բավականին փորձառու և արդեն միջազգային երաժշտական աշխարհում երևացող անուններ են, ովքեր նաև հանդիսանում են աշխարհահռչակ ուսուսիչների աշակերտներ»։

Խոսելով մրցույթի անցկացման ձևաչափի մասին՝ Մարտին Թովմասյանն ասաց․ - «Անցած տարի ստեղծված պայմանների հետևանքով մրցույթն անցկացվեց առցանց, և հատուկ կարևորություն պետք է տալ այն փաստին, որ հաջողվեց ստեղծել մի թվային հարթակ, որը կոչվում է My Competition, որի օգնությամբ նախորդ տարի հաջողությամբ անցկացվեց «Արամ Խաչատրյան» միջազգային մրցույթը։ Այս տարի, քանի որ ևս մենք ապահովագրված չենք քովիդով պայմանավորված մարտահրավերներից, մենք համենայն դեպս մեզ երաշխավորել ենք և ունենք արդեն ստեղծված թվային հարթակը։ Հնարավորություն ունենք, որ եթե ժյուրիի անդամներից դեպքերի բերումով չստացվի, որ մասնակցեն, ներկա լինեն, կարող են այդ հարթակի միջոցով առցանց հետևել։ Խոսքը վերաբերում է միայն ժյուրիին։ Որովհետև դիրիժորությունը անհնար է անցկացնել օնլայն հարթակի միջոցով»։

Ներկայացնելով ժյուրիի կազմը՝ Թովմասյանն ասաց․ - «Ամենասկզբում ևս մեկ անգամ մեր շնորհակալությունը հայտնելով պետք է նշեմ, որ ժյուրին կնախագահի ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանը»։

Նա հավելեց, որ ժյուրիում ընդգրկված են աշխարհահռչակ երաժիշտներ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Իսրայելից և այլն։

Հարցին, թե ինչ են ակնկալում մրցույթից, Մարտին Թովմասյանը պատասխանեց․ - «Բացահայտել նոր անուններ, հնարավորություն ընձեռել նոր երաժիշտների կատարել Արամ Խաչատրյանի՝ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությունները, Հայաստանի անունը է՛լ ավելի բարձրացնել միջազգային երաժշտական աշխարհում»։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG