Մատչելիության հղումներ

Հունիսի 3-ին տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակով զինվորական երկխոսության 13-րդ նիստը


Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը ողջունում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասնակիցներին, Կարս, Թուրքիա,11-ը փետրվարի, 2021թ.

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հունիսի 3-ին նախատեսված է ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ընդարձակմանն ուղղված միջոցառում:

«Հունիսի 3-ին Բաքվում կգումարվի ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակով զինվորական երկխոսության 13-րդ նիստը, որի ընթացում կքննարկվեն անվտանգության, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ռազմաբժշկական, ռազմարդյունաբերական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր», - ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

Ադրբեջանա-թուրքական բարձր մակարդակով երկխոսության ձևաչափը ստեղծվել է 2007 թվականին: Նիստերը գումարվել են ամեն տարի, սակայն 2020 թվականին նիստ չի եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Սովորաբար այդ նիստերն անցնում են երկու երկրների պաշտպանության փոխնախարարների և գլխավոր շտաբերի պետերի նախագահությամբ:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի հայտնել, թե ովքեր կղեկավարեն պատվիրակություններն այս տարվա համաժողովում:

ՏԱՍՍ-ը նշում է, որ այս տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե Ադրբեջանի ցանկությունն է ստեղծել բանակ, որը կլինի «թուրքական բանակի փոքր պատճենը, քանի որ դա ամենահզոր բանակներից մեկն է ՆԱՏՕ-ի կազմում»:

Ալիևն այդ ելույթում նաև ասել է, թե «դրա ապացույցն է ղարաբաղյան պատերազմը, որի ընթացքում ամբողջ աշխարհը համոզվել է, թե ինչ բարձր որակ ունի Ադրբեջանի կողմից հաջողությամբ կիրառված թուրքական զենքը»:

XS
SM
MD
LG