Մատչելիության հղումներ

Այսօր Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունում է Ալեքսանդր Լուկաշենկոյին


Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը, արխիվ

Եվրոպական ուղևորատար օդանավի առևանգման հիմնական կազմակերպիչը համարվող Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մեկնել է Սոչի, որտեղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պետք է քննարկի արևմտյան նոր պատժամիջոցներին դիմագրավելու ցավոտ թեման:

Այդ սոսկ աշխատանքային հանդիպման օրակարգում նախապես տեղ էին գտել երկկողմ տնտեսական հարցեր, բայց Աթենք-Վիլնյուս սկանդալային չվերթն է դարձել առաջնահերթություն: Բայց պատասխանելով այսօր օրակարգի մասին պատգամավորներից մեկի հարցին` Լուկաշենկոն գերադասել է օդանավի մասին չխոսել:

«Սոչիում կքննարկվեն հիմնականում տնտեսական հարցեր, այն, ինչ տեղի է ունենում Բելառուսի և Ռուսաստանի շուրջ, յուրաքանչյուրն իր խնդիրներն է լուծում, կարևորն այն է, որ այդ շոգեքարշը շարունակի առաջ գնալ, հետընթաց չլինի, տնտեսությունն է, ինչպե՞ս շարունակել ապրել և չկործանել տնտեսությունը»,- ասել է Լուկաշենկոն:

Արևմուտքը խիստ պատժամիջոցներով է պատասխանելու ընդդիմադիր լրագրող Ռոման Պրոտասևիչին կալանավորելու համար օդանավ առևանգելուն:

Բելառուսի ղեկավարը Ռուսաստանի հետ ծագող դժվարությունների ժամանակ Արևմուտքի օգնությունն է ակնկալում, իսկ երբ Արևմուտքի հետ են խնդիրներ գոյանում, անմիջապես ռուսներից է աջակցություն սպասում: Ռուսաստանն արդեն նկատել է տվել, որ Արևմուտքը չափազանցնում է օդանավի միջադեպի նշանակությունը: Արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, թե «շոկային է այն, որ Արևմուտքը «շոկային» է անվանում Ryanair ընկերության օդանավի վայրեջքի պարտադրումը, քանի որ Արևմուտքն էլ է ժամանակին նման վայրէջքներ պարտադրել»:

Մինսկ է մեկնել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը: Նա քննադատել է պատժամիջոցների նախաձեռնությունը:

«Ռուսաստանը միանշանակ դեմ է միջազգային ասպարեզում միակողմանի պատժամիջոցներին և պարտադրանքին: Մենք հորդորում ենք չքաղաքականացնել օդանավի վայրէջքի հարցը և ողջունում ենք օդագնացության պատկան կառույցների կողմից թափանցիկ միջազգային հետաքննություն անցկացնելու մեր բելառուս գործընկերների դիրքորոշումը»,- ասել է Միշուստինը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Լիսաբոնում արտգործնախարարների ոչ պաշտոնական հավաքում ասել է, որ Բելառուսի օդային տարածքը շրջանցելու Եվրամիության որոշումից հետո ռուսները երեկ եվրոպական մի քանի ընկերությունների օդանավերին արգելել են վայրէջքը Մոսկվայում:

Ըստ Բորելի, Եվրամիությունը պետք է պարզի՝ դա առանձին տեխնիկական խնդիր է, թե՞ ռուսների նոր քաղաքականություն, որով նրանք փորձում են եվրոպացիներին պարտադրել անպայման մտնել Բելառուսի օդային տարածք:

«Սրացման վտանգը միշտ էլ կա, կարող է այնպես պատահել, որ խաթարվի ամբողջ օդային հաղորդակցությունը, իսկ գուցե սրանք առանձին դեպքեր էին, մենք փորձում ենք պարզել»,- ասել է Բորելը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պոեսկովն այսօր արձագանքել է Բորելին, հավաստիացնելով, որ խոսքը սոսկ տեխնիկական խնդրի մասին է, որը լուծվում է:

«Երբ կան հաստատված չվերթներ՝ աշխատում է երկիր մուտք գործելու և հեռանալու հստակ կոորդինատների համակարգ, կան կոնկրետ կետեր, որոնցով կատարվում է ելումուտը, օդանավը չի կարող ցանկացած հատվածով մտնել երկիր»,- ասել է Պեսկովը:

Մինչդեռ, այսօր Եվրամիությունը պետք է հրապարակի նախագիծ, որի համաձայն, դեմոկրատիան վերականգնելու պարագայում Բելառուսը կստանա 3 միլիարդ եվրոյի օգնություն, որը թույլ կտա խթանել տնտեսությունը և բարեփոխումներ իրականացնել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG