Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն առաջին անգամ արձագանքեց օդանավի միջադեպին


Միջազգային ավիաընկերությունները, հետևելով Եվրամիության կոչին, մայիսի 24-ից սկսած խուսափում են թռիչքներ կատարել Բելառուսի օդային տարածքով։ Արգելվել են բելառուսական «Բելավիա» ընկերության չվերթները եվրոպական օդանավակայաններ։ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Կանադան Բրյուսելի հետ համակարգված հայտարարել են Բելառուսի հանդեպ պատժամիջոցներ սահմանելու կամ առկա պատժամիջոցները խստացնելու պլանների մասին։

Բելառուսի դեմ գործողությունները, սահմանափակումները կատարվում են անցած կիրակի Ryanair ավիաընկերության օդանավին Մինսկում վայրէջք պարտադրելու և օդանավում գտնվող լրագրող Ռոման Պրատասևիչին ձերբակալելու պատճառով։ 26-ամյա Ռոման Պրատասևիչը 2019-ին դուրս է եկել Բելառուսից։ Նա Nexta Տելեգրամ կանալի նախկին գլխավոր խմբագիրն է, որն ակտիվորեն լուսաբանում է Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցույցերը: Նրա դեմ Բելառուսում քրեական գործ էր հարուցվել, ու հետախուզում հայտարարվել։

Երեկ երեկոյան Բրյուսելում` Եվրամիության առաջնորդների հանդիպումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն ասել է, թե դա անընդունելի ակտ է, միջազգային իրավունքի այդ խախտումը առաջացրել է ամենավճռական դատապարտումներն ու արձագանքները։ Հայտնելով, որ որոշվել է Բելառուսի հանդեպ ուժեղացնել անհատական ու տնտեսական պատժամիջոցները, Մակրոնը նաև ասել է, թե պահանջում են միջազգային անկախ հետաքննություն անցկացնել։

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովոսկայան ասել է, որ Լուկաշենկոն Բելառուսը դարձնում է Եվրոպայի Հյուսիսային Կորեա:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վրդովված հերքում է մեղադրանքները։ Անցած կիրակիից հետո նա այսօր առաջին անգամ մեկնաբանել է իռլանդական ավիաընկերության օդանավի միջադեպը։ Խորհրդարանում նա հայտարարել է, թե Բելառուսը սառցե պատերազմի առաջնագծում է։ «Մենք հայտնվել ենք մի նոր, ոչ թե սառը, այլ սառցե պատերազմի առաջնագծում»,- ասել է Լուկաշենկոն` այդպես բնորոշելով Արևմուտք-Բելառուս հարաբերությունները։

Նրա խոսքերով` Արևմուտքը Բելառուսի դեմ հիբրիդային ժամանակակից պատերազմ է վարում։ Նա կրկնել է իր նախկին մտքերը, թե Արևմուտքի գործողություններն ուղղված են ոչ միայն Բելառուսի, այլև ավելի հեռու` դեպի Արևելք, այսինքն` Ռուսաստանի դեմ։

Ինչ վերաբերում է բուն միջադեպին, Լուկաշենկոն բացարձակ սուտ է որակել ՄԻԳ-29 կործանիչների կողմից օդանավին վայրէջք պարտադրելը։ Նա ասել է, թե օդանավը թռիչքի ուղղությունը փոխել է Բելառուսի ատոմակայանի մոտ, և իր հանձնարարությամբ ատոմակայանի անվտանգության համակարգերը, այդ թվում` հակաօդային պաշտպանության համակարգը բերվել էին մարտական պատրաստվածության ռեժիմի։

Նրա խոսքով` Աթենքից Վիլնյուս չվերթն իրականացնող օդանավի ականապատված լինելու ահազանգը ստացվել է Շվեյցարիայից։

Լուկաշենկոյի եույթից քիչ անց Շվեյցարիայի արտգործնախարարությունը հերքեց նրան` հայտարարելով, թե Շվեյցարիայի իշխանությունները Ryanair օդանավի ականապատման մասին ոչինչ չեն իմացել, ուստի չէին կարող այդ մասին զգուշացնել Բելառուսի իշխանություններին:

Ավելի վաղ Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության ավիացիաի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Սիկորսկին ասել էր, թե օդանավում ռումբ լինելու ահազանգը ստացվել է Համասի կողմից։ Մինսկի օդանավակայանի էլեկտրոնային փոստին անգլերենով հաղորդագրություն էր ուղարկվել, ուր ըստ նրա` ասված էր, թե պաղեստինյան խմբավորումը Եվրամիությունից պահանջում է Մերձավորարևելյան հակամարտությունում դադարեցնել աջակցությունը Իսրայելին, իսկ օդանավի ռումբը պայթելու է Վիլնյուսի վրա։

Բայց նույն օրը Համասը հերքել էր այդ լուրը։

Լուկաշենկոն ասել է, թե լուրի աղբյուրը Համասն է, թե մեկ ուրիշը, նշանակություն չունի: Նա պնդել է, թե գործել է օրինական, վտանգի տակ հայտնված մարդկանց պաշտպանել է միջազգային օրենքին համապատասխան։

Կրեմլի խոսնակն այսօր ասել է, թե որքան հասկանում են, Բելառուսի իշխանությունները սեփական նախաձեռնությամբ չեն իջեցրել օդանավը, այլ ղեկավարվել են սպառնալիքի ստանալու դեպքում նորմերի համպատասխան։ Դմիտրի Պեսկովն ասել է, թե բելառուսական կողմին չվստահելու հիմքեր չունեն։

Լուկաշենկոն սպառնացել է պատասխանել Արևմուտքի կոշտ արձագանքներին։ Նա, մասնավորապես, ասել է, թե կթուլացնի Արևմտյան սահմանների հսկողությունը, որը զսպում էր թմրանյութերի ու անօրինական միգրանտների հոսքը Արևմուտք։ «Մենք կանգնեցնում էինք միգրանտներին ու թմրանյութերը, հիմա դուք նրանց բռնեք ու կերեք» - ասել է նա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG