Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կողմերին կոչ է անում շտապ հանգուցալուծել հայ-ադրբեջանական սահմանին վերջին միջադեպը, վերադառնալ ելման դիրքեր


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայս, արխիվ

Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանին վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինվորների ձերբակալությամբ: Այս մասին ասված է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությունում, որը վերնագրված է «Հայ զինվորների ձերբակալությունը»:

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում երկու կողմերին շտապ և խաղաղ կերպով հանգուցալուծել այդ միջադեպը: «Մենք նաև շարունակում ենք Ադրբեջանին կոչ անել անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և մյուս պահվող անձանց, և մենք հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային հումանիտար իրավունքով իր պարտավորությունները՝ բոլոր ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք ցուցաբերել», - ասված է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:

Միացյալ Նահանգները «սադրիչ և անհարկի» է համարում որևէ տեղաշարժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև չսահմանագծված շրջաններում:

«Մենք մերժում ենք ուժի գործադրումը սահմանագծման նպատակով և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերն ու դադարեցնել չսահմանագծված սահմանին ռազմական ամրաշինական աշխատանքներն ու ականապատումը: Մասնավորապես կոչ ենք անում Ադրբեջանին վերատեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքերում: Նաև կոչ ենք անում Հայաստանին վերատեղակայել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքերում և ողջունում ենք նման մտադրության մասին հայտարարությունները», - շեշտում է Պետդեպարտամենտի խոսնակը՝ հավելելով, որ այդ գործողությունները կնվազեցնեն լարվածությունը և «հրատապ սահմանագծման խաղաղ բանակցային գործընթացի հնարավորություն կստեղծեն». - «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին»:

«Միացյալ Նահանգները կողմերին կոչ է անում հնարավորինս շուտ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առարկայական բանակցություններին՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև քաղաքական կարգավորմանը», - հայտարարությունն ամփոփում է Նեդ Փրայսը:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Այսօր առավոտյան էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։

Հայաստանի վարչապետի աշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ առաջարկով հանդես եկավ՝ երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից և այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդների:

Ավելի վաղ Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

XS
SM
MD
LG