Մատչելիության հղումներ

Չնայած ցուցակում չլինելուն` Ավինյանը որոշել է մնալ կուսակցության վարչության անդամ


Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը չնայած ընդգրկված չէ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում, սակայն շարունակելու է մնալ կուսակցության վարչության անդամ:

«Որոշում եմ կայացրել, որ առաջիկա ընտրություններում մեր կուսակցության նախընտրական ցուցակում չեմ լինելու: Դրանով հանդերձ՝ պահպանում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի կարգավիճակը` հորդորելով ընտրություններում քվեարկել մեր կուսակցության օգտին», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Ավինյանը:

Նախընտրական ցուցակում չընդգրկվելու պատճառների մասին, ինչպես նշել է, կխոսի ընտրություններից հետո՝ առայժմ միայն հավելելով, որ այս փուլում առավել նպատակահարմար է համարում կենտրոնանալ փոխվարչապետի պարտականությունների կատարման վրա:

Հիշեցնենք, որ իշխող կուսակցության ընտրացուցակում ընդգրկված չեն նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:

XS
SM
MD
LG