Մատչելիության հղումներ

«ՀԱՊԿ-ը և անդամ մեր գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ ռազմական ճանապարհով», հայտարարում է Փաշինյանը


Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակն ուժային որևէ գործողություն չի անում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին, հենց ՀԱՊԿ-ն ու անդամ գործընկեր երկրներն են ՀՀ-ին հորդորել չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը, այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը:

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկերների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել, որովհետև ես կարծում եմ, որ այն նախնական մտահղացումը, որ իմ կարծիքով` ունի Ադրբեջանը, այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում: Եվ այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն և պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ ՀԱՊԿ երկրները և կազմակերպությունը հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը այդտեղից հետ քաշի, սակայն, նրա ներկայացմամբ, աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումն արտահայտվում է:

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երեկ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Ադրբեջանական զորքին Հայաստանի տարածքից դուրս բերելու համար հայկական կողմը դիմել է ՀԱՊԿ-ին` «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածով, որը նախատեսում է համատեղ անհապաղ խորհրդատվություններ՝ կոորդինացնելու դաշինքի անդամ-երկրների դիրքորոշումները և միջոցներ ձեռնարկելու՝ դիմող պետությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Սակայն մինչ օրս դաշնակից կազմակերպությունն այդ ուղղությամբ բացի հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու խորհուրդներից, որևէ գործնական քայլ չի արել։

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելուն, ապա վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ այդ հարցը հենց առաջին օրերից էլ քննարկման առարկա եղել է, շարունակում է քննարկման առարկա լինել:

«Կան նրբություններ, որ նման որոշում կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ` նախապես նախապատրաստական աշխատանքներ իրականացնել: Եվ մենք երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ-ի գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակն և խնդիրը լուծելու համար», - ասաց վարչապետի պաշտոնակատարը:

XS
SM
MD
LG