Մատչելիության հղումներ

Այսօր հանգիստ է եղել, միջադեպեր չկան, ասում է Վերին Շորժայի համայնքապետը


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Այսօր հանգիստ է եղել, միջադեպեր չկան, ասում է Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը:

Երեկ Վարդենիսի տարածաշրջանի այս թևում, ըստ համայնքապետի, Ղոշաբուլաղի սարատեղիում հայ զինծառայող է սպանվել ադրբեջանական կրակահերթից: Արդեն 15-րդ օրն է՝ ադրբեջանցիներն անցել են Հայաստանի սահմանն ու տեղավորվել Վարդենիսի, Ակունքի, Մեծ Մասրիկի սարատեղիներում՝ Վերին Շորժայի դաշտերից 500 մետրի վրա:

«500 մետր, 400 մետր, սենց երկարությամբ գնում ա, մեծ դաշտ ա, հասնում ա էդ դիրքի տակը, որտեղ վերևը իրանք են նստած, բայց մեր տղաները հենց նրանց դեմը նստած են: Մինչև ամսի 12-ը նրանք չկային, նրանց մենք տեսել ենք 12-ին», - նշեց համայնքապետը:

Վերին Շորժան նախկինում Քարվաճառի հարևանն էր, 4 կիլոմետրանոց հատված էր բաժանում: Ադրբեջանական զինուժը շուրջ 3 կմ խորացել է դեպի այս կողմ: Համայնքապետ Երանոսյանն ասում է՝ «մենք մեր գործին ենք». «Գարնան աշխատանքներ ենք կատարում, ուղղակի անձրև էր, էս պահին կանգնած ենք, մի քիչ օրը անցնի, արև լինի, նորից դուրս ենք գալիս ցանքս կատարելու»:

Գյուղում մի քանի տասնյակ սարվորներ են ապրում: Վերին Շորժա գալիս են անասնապահության ու դաշտերը մշակելու համար, գյուղի միակ փոքրիկը 8-ամյա Յուրան է, հայրը՝ Արմեն Մանուչարյանն ասում է՝ Վարդենիսում չի մնում. «Ոչ ոքի մոտ չի մնում, իմ մոտ է մնում»:

Գյուղ ելումուտը խիստ հսկողության տակ է՝ հայկական ստորաբաժանումները տեղում են, նկարահանումները չեն խրախուսվում։

Վերին Շորժայի տակ Այրքն է, գյուղում մոտ 5 տասնյակ ընտանիք է ապրում, զինված ուժերի ամենօրյա շարժին մարդիկ հետևում են ու օր օրի լարվում:

«Թուրքը եկել ա հայի սահման, բա մեր ղեկավարությունը չի՞ ասում՝ թուրք, դու ստեղ ապրե՞լ ես, Վերին Շորժա քեզ տարածք կա՞», - ասաց գյուղի բնակիչ Գրիշա Մուրադյանը:

Մուրադյաններն Այրքում ապրում են որդու ընտանիքի՝ նրա 4 երեխաների հետ, տիկին Ռիտան լրագրող էր փնտրում, որ հարցնի՝ ինչո՞ւ են Երևանում աթոռի կռիվ անում, առանց ադրբեջանցիներին վռնդելու. «Թող թուրքերին լարեն, նոր էթան իրանց սեղանի կռիվն անեն»:​

Երեկ կրակոցների ձայներ են լսել՝ կինը լարվել է, ամուսինը՝ խաղաղեցրել. «Օրական մեքենաները գնում-գալիս են, պայքարում են, Աստված նրանց կյանք տա, պայքարում են»:​

Արծվաշենցի Ամալյա Մուժիկյանը ծննդավայրն Ադրբեջանին անցնելուց հետո՝ 90-ականներին եկավ, Այրքում հաստատվեց, ոչխարի հոտը Այրքի Ծաղկահոտ դաշտերում արածեցնում է ու տագնապում՝ հանկարծ այստեղից էլ չհեռանա. «Դե ամեն մարդու հողն ու ջուրն իրա համար շատ լավն ա, հիմա կուզենք խաղաղություն լինի, որ նորից չտեղափոխվենք»:​

Իր տան ցանկապատի մոտ դեղին մազերով թոռանը գրկած կինը Երևանից եկածների հետ խոսելու սիրտ չունի. «Ամեն օր էլ մոտենում են, ամեն առավոտ կրակոցներով հետ են տալիս, այսինքն կրակում են օդ, որ հետ գնան»:​

XS
SM
MD
LG