Երկրորդ օրն է ինչ վրաց բնապահպանները ու Ռիոնիի կիրճի բնակիչները շարունակում են արգելափակել Թբիլիսիի կենտրոնական փողոցները՝ երկրի կառավարությունից պահանջելով հրաժարվել Վրաստանի խոշորագույն էներգետիկ նախագծերից մեկի՝ «Նամախվանիի» ՀԷԿ-ի շինարարության գաղափարից։
Արևմտյան Վրաստանի խոշորագույն գետերից մեկի՝ Ռիոնիի վրա նախագծված ՀԷԿ-երի այս կասկադը պատրաստվում է կառուցել թուրքական ENKA ընկերությունը, որը, սակայն, չդադարող բողոքի ակցիաների պատճառով, արդեն մի քանի տարի է ինչ չի կարողանում մեծածավալ շինարարական աշխատանքներ ձեռնարկել։ Մինչև մայիսի 24-ը բողոքի ակցիաների աշխարհագրությունը սահմանափակվում էր երկրի արևմտյան շրջաններով և Քութայիսի քաղաքով։
Նախօրեին արդեն հազարավոր ցուցարարներ ժամանեցին Վրաստանի մայրաքաղաք։ Հաշված ժամերի ընթացքում նրանց միացան նաև Թբիլիսիի բազմաթիվ բնակիչներ։
«Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները և վերադառնալու ենք Հանրապետության հրապարակ, որտեղ այս պահին գտնվում է մեր վրանային ավանը։ Այսօր մենք կարգելափակենք նաև Ռուսթավելիի պողոտան և չենք բացի այն նաև մայիսի 26-ին՝ Անկախության օրը։ Քանի դեռ մեր պահանջները չեն բավարարվել՝ բողոքիա ակցիաները կշարունակվեն», - հայտարարում էր Նամախվանիի ՀԷԿ-ի շինարարությանն ընդդիմացող ակտիվիստներից Վարլամ Գոլետիանին։
Ցուցարարների գլխավոր պահանջը թուրքական ընկերության հետ կնքված պայմանագրի չեղարկումն է, ինչպես նաև այդ փաստաթղթի հետ առնչություն ունեցող բոլոր պաշտոնայների՝ նախևառաջ էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավայի հրաժարականը։
Նախարարը, սակայն, շարունակում է պնդել, որ հիդրոէներգետիկայի զարգացումը Վրաստանում այլընտրանք չունի, իսկ Նամախվանիի ՀԷԿ-ի կառուցման բնապահպանական վտանգների մասին պնդումները խիստ չափազանցված են, նույնիսկ «առասպելների մակարդակի են»։
«Այս նախագիծը Վրաստանի համար ռազմավարական կարևորություն ունի։ ՀԷԿ-երի կասկադի կառուցումը հնարավորություն կտա ապահովել Վրաստանի էներգետիկ անկախությունը ինչը երկրի համար կենսական նշանակություն ունի», - նախօրեին հայտարարում էր Վրաստանի էկոնոմիկայի նախարարը՝ պնդելով, որ բողոքի ակցիաների մասնակիցների ճնշման ներքո ինքը հրաժարական ներկայացնել չի պատրաստվում։
Նամախվանիի ՀԷԿ-ի շինարարության դեմ հանդես եկող ցուցարարները, սակայն, անդրդվելի են։Բնապահպանների համոզմամբ, 460 մեգավատ ընդհանուր հզորությամբ երկու էլեկտրակայանների, երկու մեծ ջրամբարների և պատվարների կառուցումը անդառնալիորեն փոխելու է Ռիոնիի կիրճի ողջ էկոհամակարգը։ Նախագծի իրականացման դեպքում կիրճում գտնվող գյուղերից մի քանիսը կհայտնվեն ջրի տակ։ Բացի այդ կարող է տուժել վրացական ամենահայտնի կիսաքաղցր սպիտակ գինիներից մեկի՝ «Տվիշիի» արտադրությունը։
«Այդ գինին արտադրվում է հենց Ռիոնիի կիրճում աճող «Ցոլիկաուրի» տեսակի խաղողից և դրա որակը շինանարության և ՀԷԿ-ի շահագործման հետևանքով անխուսափելիորեն ընկնելու է», - պնդում են տեղացիները։
Բողոքի ակցիաների աճող ծավալը Վրաստանի կառավարությանը ստիպեց որոշակիորեն փոխել դիրքորոշումը։ Եթե մի քանի ամիս առաջ իշխանությունները Նամախվանիի ՀԷԿ-ի շինարարության հարցում հաստատակամ էին, ապա այսօր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, թե պատրաստ է մեկ անգամ ևս քննարկել էներգետիկ այս կառույցի շահագործման նպատակահարմարությունը։
«Մենք հրավիրել ենք ԵՄ հատուկ ներկայացուցչին, որը մեկ անգամ ևս կուսումնասիրի խնդիրը։ Բացի այդ, ես հանձնարարել են Արդարադատության նախարարությանը ՀԷԿ-ի շինարարության նախագիծն անկախ աուդիտի ենթարկել։ Մայիսի վերջին ես կհանդիպեմ նաև շինարարությունն իրականացնող ընկերության ղեկավարների հետ։ Ես անձամբ եմ մասնակցում այս ողջ գործընթացին, որպեսզի համոզվեմ, որ որևէ հակաօրինական բան չի կատարվում։ Դրա հետ մեկտեղ ես վստահ եմ, որ կառավարության հետ վերջնագրերի լեզվով խոսելն անթույլատրելի է։ Նման պահվածքը հիշեցնում է մութ 90-ականները», - հայտարարում էր Վրաստանի վարչապետը։
Թբիլիսցի վերլուծաբանների համոզմամբ, Վրաստանի իշխանությունները բավական աննախանձելի վիճակում են հայտնվել։ Մի կողմից Նամախվանիի ՀԷԿ-ի կառուցման դեմ բողոքի ակցիաները չեն դադարում, մյուս կողմից, արդեն իսկ կնքված պայմանագրի չեղարկումը կարող է թուրքական ընկերության հետ երկարատև դատական քաշքուկի հանգեցնել, այդ թվում՝ միջազգային ատյաններում։ Բացի այդ, փորձագետները վստահ են՝ Վրաստանը էներգիայի նոր աղբյուրների սուր կարիք է զգում։
Մասնագիտական գնահատականներով՝ առաջիկա տասը տարում էլեկտրաէներգիայի սպառման ծավալները Վրաստանում կրկնապատկվելու են։ Եթե Վրաստանը չզարգացնի սեփական էներգետիկան, ապա 2031 թվականին ստիպված կլինի ներմուծել սպառվող էլեկտրաէներգիայի կեսից ավելին՝ ներկայիս 35 տոկոսի փոխարեն։