Մատչելիության հղումներ

Թբիլիսին կոչ է անում Դմանիսիում վրացիների և ադրբեջանցիների բախումները չվերածել ազգամիջյան հակամարտության


Վրաստան - Բախումները Դմանիսիում, 17-ը մայիսի, 2021թ․
Վրաստան - Բախումները Դմանիսիում, 17-ը մայիսի, 2021թ․

Վրաստանի իշխանությունները կոչ են անում երկրի հարավում` Քվեմո-Քարթլիում բնակվող վրացիներին և ադրբեջանցիներին զսպել կրքերն ու ամեն գնով խուսափել կենցաղային վեճերն ազգամիջյան հակամարտության վերածելուց։ Իշխանությունների այս հորդորները հնչում են Թբիլիսիից շուրջ 100 կիլոմետր հարավ, Հայաստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող Դմանիսի քաղաքում կիրակի օրը սկիզբ առած և նախօրեին շարունակված կատաղի բախումների ֆոնին։

Դմանիսիում բնակվող ադրբեջանցիների և 80-ականներին Արևմտյան Վրաստանից՝ Սվանեթիայի բարձրլեռնային շրջաններից վերաբնակեցվածների միջև հարաբերությունները կտրուկ կերպով սրվեցին կիրակի օրը տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի քանի տասնյակ սվան երիտասարդներ հարձակվեցին ադրբեջանցիներին պատկանող խանութներից մեկի վրա։ Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ վրացիների դժգոհության պատճառն այն էր, որ խանութի ադրբեջանցի տերերը հրաժարվել էին երիտասարդներին ապառիկով գարեջուր վաճառել։

Երկուշաբթի առավոտյան բախումները վերսկսվեցին նոր ուժով, երբ դմանիսցի մի քանի հարյուր ադրբեջանցիներ, մահակներով ու փայտերով զինված, երթ կազմակերպեցին քաղաքի կենտրոնական փողոցներով։ Նրանց այնտեղ արդեն սպասում էր քաղաքի սվան երիտասարդությունը։

Կեսօրին մոտ Դմանիսի ժամանեցին Վրաստանի ուժային կառույցների ղեկավարները՝ Պետանվտանգության ծառայության տնօրեն Գրիգոլ Լիլուաշվիլին և ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին։

«Ադրբեջանցիները նախևառաջ մեր երկրի քաղաքացիներն են։ Մենք դարերով կողք-կողքի ենք ապրել։ Բացի այդ, Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, մեր հարևանն է։ Մենք բարեկամներ ենք, ուստի չպետք է թույլ տալ, որ կենցաղային բռնության թեման ի վերջո վերածվի էթնիկ հակամարտության», - հայտարարում էր Գոմելաուրին։

Վրաստանում բնակվող ադրբեջանցիները, սակայն, նշում են՝ այս հակամարտությունը մեկ օրում չի ծագել։ Մոտ 30 տարի առաջ կենտրոնական իշխանությունների կողմից Արևմտյան Վրաստանից և Աբխազիայից Դմանիսիում վերաբնակեցված սվանների և տեղաբնակ ադրբեջանցիների միջև լարվածություն միշտ էլ առկա է եղել։

Վրաստանում բնակվող իրավապաշտպան Սամիրա Բայրամովան «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում երեկ նշում էր․ - «Ազգային փոքրամասնությունները Վրաստանի տարածքում պարբերաբար բախվում են նման իրավիճակների, երբ կենցաղային կոնֆլիկտը արագորեն վերաճում է ազգամիջյանի»։

«Դմանիսիում ծագած հակամարտության պատճառն այն է, որ այստեղ բնակվող սվանները գնումներ են կատարում ադրբեջանցիներին պատկանող խանութներում, սակայն դրանց դիմաց չեն վճարում։ Նման դեպքերը բազմիցս կրկնվում են՝ ի վերջո վերածվելով զանգվածային հակամարտության», - ասում էր ադրբեջանցի իրավապաշտպանը՝ հավելելով, որ նման դեպքերի կրկնությունից հնարավոր կլինի խուսափել միայն մեղավորների հանդեպ կոշտ պատիժների կիրառման դեպքում։

XS
SM
MD
LG