Մատչելիության հղումներ

Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանները ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել «Ադրբեջանի պատերազմական հանցագործությունները»


Նա Հայաստանումէ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում: 

Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն Արման Թաթոյանը և Գեղամ Ստեփանյանը մայիսի 21-ին ԵԽԽՎ զեկուցողին են ներկայացրել «2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունները»:

ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովի նշանակած զեկուցող Պոլ Գավանին և ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղարության ղեկավար Մարկ Նեվիլին Հայաստանում են «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» զեկույցի նախապատրաստման շրջանակներում:

Հանդիպմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է հատուկ զեկուցողի այցը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներ՝ նշելով, որ առանց տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու, բնակիչների հետ հանդիպելու զեկույցը չի լինի ամբողջական, օբյեկտիվ ու լիարժեք:

Ըստ Հայաստանի ՄԻՊ գրասենյակի՝ միջազգային կառույցներին են ուղարկվել շուրջ 300 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի, արգելված զինատեսակների կիրառման վերաբերյալ:

Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպաններն ընդգծել են, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունը: Դրա ապացույցներից է, օրինակ՝ Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակի» բացումը: Ավելին, այն, որ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կայացրած հանցագործություններն ունեն էթնիկ շարժառիթներ և խրախուսվում են իշխանության մարմինների կողմից, հաստատված է նաև ՄԻԵԴ մի շարք վճիռներով։

Արման Թաթոյանը ԵԽԽՎ ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի հայատյաց ելույթների վրա և շեշտել, որ դրանք ավելի են բորբոքում ադրբեջանական հասարակությունում հայատյացությունը։

Հանդիպմանը Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը մանրամասն անդրադարձել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականությունը կոպտորեն խախտում է գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, հոգեկան տառապանքներ է պատճառել նրանց ընտանիքներին։

Հատուկ ընդգծվել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների ազատ արձակման ու վերադարձի գործընթացը:

Թաթոյանն անդրադարձել է նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում սահմանների հետ կապված լարված իրավիճակին: Նա ներկայացրել է իր փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ կապված Հայաստանի ինքնիշխան տարածքում 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումների հետ:

«Պատերազմի հետևանքով Արցախի 120 համայնք մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի քան 38 հազար մարդ տեղահանվել է»

Գեղամ Ստեփանյանն էլ խոսելով պատերազմից հետո Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակից՝ նշել է, որ պատերազմի հետևանքով Արցախի 120 համայնքներ մնացել են ադրբեջանական վերահսկողության տակ, ավելի քան 38 հազար մարդ տեղահանվել է այդ համայնքներից, այդ թվում՝ 11 հազար երեխա։ Տեղահանված բնակչության մի մասը՝ ավելի քան 13 հազար մարդ, վերադարձել է Արցախ, իսկ 25 հազար մարդ դեռևս գտնվում է Արցախի տարածքից դուրս։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է տեղահանված անձանց նվազագույն կենսաապահովման պայմանների և սոցիալական իրավիճակի հետ կապված խնդիրները և ընդգծել միջազգային հումանիտար աջակցության խիստ կարևորությունը։

Պաշտպանը անդրադարձել է նաև ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված վայրերում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման քաղաքականության՝ ներկայացնելով կոնկրետ օրինակներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG