Մատչելիության հղումներ

Հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևը փաստում է, որ ուժով հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան խնդիրը. ՀՀ ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի բանաձևը ևս մեկ անգամ փաստում է, որ ուժի կիրառմամբ հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը և Արցախի ժողովրդին զրկել իր անքակտելի իրավունքներից, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքից, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը:

Եվրոպական խորհրդարանը մայիսի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ բանաձև, որում անդրադարձ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության և տարածաշրջանային անվտանգության առավել լայն համատեքստին:

Բանաձևում ամրագրված է հստակ պահանջ՝ անհապաղ և անվերապահ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են պատերազմի ժամանակ և դրա ավարտից հետո: Հասցեական կոչ է արվում Ադրբեջանի կառավարությանը` տրամադրելու պատանդառության մեջ գտնվող բոլոր անձանց ամբողջական ցուցակը, ինչպես նաև տեղեկատվություն՝ նրանց առողջական վիճակի և գերության մեջ մահացածների մասին:

Միաժամանակ լուրջ մտահոգություն է հայտնվում առ այն, որ համաձայն արժանահավատ զեկույցների՝ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում գտնվող անձինք պահվում են նվաստացուցիչ պայմաններում, ենթարկվում անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, և այս համատեքստում Եվրոպական խորհրդարանը դատապարտում է խոշտանգումների և բռնի անհետացման բոլոր դեպքերը:

Բանաձևում նաև կոչ է արվում ձեռնպահ մնալ թշնամական հռետորաբանությունից կամ իրադրության սրմանն ուղղված գործողություններից և դատապարտելի է համարվում Բաքվում, այսպես կոչված, «ռազմավարի պուրակի» բացումը՝ պնդելով, որ այն պետք է անհապաղ փակվի:

Ընդգծվում է կարիքավորներին մարդասիրական օգնություն հասցնելու և արցախահայության անվտանգությունն ու Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունն ապահովելու անհետաձգելի անհրաժեշտությունը:

Ամրագրվում է նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի հիման վրա, որը պետք է ուղղված լինի Արցախի ապագա կարգավիճակի որոշմանը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այդ թվում՝ հումանիտար հարցերի վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի վերոնշյալ արձանագրումները խիստ կարևոր են: Եվրոպական խորհրդարանն ամրագրել է, որ Ադրբեջանի կողմից հումանիտար իրավունքի խախտումները հավասարազոր են բռնի անհետացմանը: Վերը թվարկված խախտումները հանդիսանում են պատերազմական հանցագործություններ, և Հայաստանը հետամուտ է լինելու այդ հանցագործություններն իրագործողներին միջազգային արդարադատության առջև կանգնեցնելուն:

Եվրոպական խորհրդարանը հստակորեն մատնանշում է, որ մայիսի 12-ին ներթափանցելով Հայաստանի տարածք՝ Ադրբեջանը ոտնահարել է միջազգային իրավունքը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս համատեքստում հատկապես մտահոգիչ են որակվել ադրբեջանական ներկայացուցիչների, ներառյալ՝ նախագահի մակարդակով արված հայտարարությունները, որոնցում բարձրացվում են տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ: Ադրբեջանի այս գործողությունները Եվրոպական խորհրդարանը որակում է որպես տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանն ուղղված ջանքերի խաթարում», - ասված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության երեկ հրապարակած հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG