Մատչելիության հղումներ

«Ադրբեջանցիները մոտեցել են մեր գյուղի հովվին ու հրահանգել հեռանա տարածքից». Կութի բնակիչ


Երրորդ օրն է՝ Լենդրուշ Ղարիբյանի կովերը՝ սար չեն բարձրանում։ Կութ գյուղի արոտավայրերում ադրբեջանցիներն են նստած. «Երեկվանից չոբանին՝ նախրապանին ասել են՝ ստեղ անասուն չբերեք»:

Մայիսի 13-ից ադրբեջանցիները Գեղարքունիքի մարզում են։ Կութ, Վերին Շորժա բնակավայրերի հատվածում պետական սահմանն անարգել անցել ու առաջ են եկել։ Կութի մոտ 2 կմ խորացել են։ Մոտեցել են գյուղի հովվին, հրահանգել՝ անասուններին հավաքի ու հեռանա տարածքից, պատմում է Լենդրուշ Ղարիբյանը։

«Մեր հողի մեջ մեր չոբանին եկել են, ասել են՝ կա՛մ կտանենք քեզ, կա՛մ ստեղից գնա, էսօր էլ անասունը չտարավ», - նշեց Ղարիբյանը:

Ասում է՝ հովիվը որդու հետ է եղել, ադրբեջանցիների սպառնալիքներից հետո որդին ձիով փախել է։ Հայրը կապվել է իրենց հետ, պատմել, որ հակառակորդը գյուղի սարեր է հասել, գյուղին մոտեցել. «Իրա էրեխու հետ էր, էրեխեն փախել ա ձիով, մենք գնացինք օգնության, տեսանք էրեխան ձիով գալիս ա, զանգեցինք, ասում ենք՝ ուր ես, եկել ենք օգնության, ասում ա՝ թուրքերն ինձանից ներքև են, ես անասուններն եմ հավաքում, ինձ ասել են հավաքի, ստեղից գնա»:

Ադրբեջանական զորքը Գեղարքունիքի մարզի սահմանն անցնելու առաջին փորձն արել է մայիսի 12-ին, Սյունիքի սահմանը հատելու նույն օրը։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երեկ «Ազատությանը» պատմել էր, որ սահմանների ճշգրտման պատրվակով նախ մայիսի 12-ին են մոտեցել սահմանի այլ հատվածներում դիրքավորվելու։ Հայկական կողմի բանակցություններից հետո հետ են քաշվել։ Հաջորդ օրը Կութի ու Վերին Շորժայի հատվածներից ներխուժել։

«Եթե պաշտպանության նախարարը հաղորդում՝ դուք եթե գնում եք Գորիսով Ղարաբաղ, ձեզ կբռնեն, զանգեք ԱԱԾ թող գան ձեզ օգնեն, այ տղա, այ ընկեր, այ պաշտպանության նախարար, թուրքը ինձ բռնի կասի զանգի», - նշեց նա:

Լենդրուշ Ղարիբյանը Կութի էլեկտրական տեսուչն է։ Նաև հողագործությամբ և անասնապահությամբ է զբաղվում։ Բայց եթե այսպես շարունակվի՝ ադրբեջանցիների զորքը երբ ուզի սահմանն անցնի, անասունը կվաճառի։ Անասնապահությամբ զբաղվելը վտանգավոր է դառնում, բողոքում է Կութի բնակիչը, ադրբեջանցիները ներխուժում են՝ երբ մտքներով անցնում է։

Անորոշության մեջ մոլորված բնակիչներն իրենց մտավախությունների մասին ահազանգել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին։ Ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքները, ֆեյսբուքյան էջում գրել է Արման Թաթոյանը։

«Բնակիչներն անհանգստություններ են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը իրենց բնակավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանք նաև նշել են, որ չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման ու ջրային պաշարների հասանելիությունը: Պաշտպանի գրասենյակի փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին», - գրել է Թաթոյանը

XS
SM
MD
LG