Մատչելիության հղումներ

Բաքուն պնդում է՝ ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»


Ադրբեջանցի զինվորականներ Հայաստանի Սյունիքի մարզի հետ սահմանին, արխիվ

Բաքուն հավատարիմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կոչ է անում քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ հայկական կողմին մեղադրելով ոչ համարժեք ու սադրիչ գործելակերպի մեջ։

Շուրջ երկու օր շարունակված լռությունից հետո՝ այսօր ուշ երեկոյան առաջին անգամ անդրադառնալով Հայաստանի հետ սահմանին ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդել է՝ ադրբեջանական բանակն ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը, որոնք մինչ այդ անհասանելի էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։

«2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, ադրբեջանական սահմանապահ զորքերը, եղանակային պայմանների բարելավումից հետո, տեղակայվում են մեր երկրի դիրքերում՝ Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քելբաջարի շրջանի բնակավայրերում, որոնք ունեն բարդ լեռնային ռելիեֆ և կլիմայական պայմաններ», - հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Դիվանագիտական կառույցը պնդում է, թե այդ քայլերն իրականացվում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում և հիմնված են քարտեզների վրա, «որոնք որոշում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը»։ Թե ինչ քարտեզների մասին է խոսքը՝ պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնում, բայց փաստում է, որ «անկախացումից հետո երկու երկրները, հասկանալի պատճառներով, պետական սահման չեն ունեցել»։

«Այդ իսկ պատճառով, մենք խոսում ենք դժվարին տեխնիկական գործընթացի մասին, որն այժմ ուղեկցվում է կողմերի միջև անհամաձայնություններով», - արձանագրում է Ադրբեջանի արտգործնախարարությունը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG