Մատչելիության հղումներ

«Հայրենիք»-ն անհանգստություն է հայտնել Սյունիքում վերջին իրադարձությունների կապակցությամբ


ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ իր անհանգստությունը հայտնելով Սյունիքում և դրա շուրջ տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ։

Ընդգծելով, որ ադրբեջանական զորամիավորումները մոտ 3,5 կիլոմետր խորությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք` որպես հետևանք խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ խորհուրդը նշում է՝ զարգացումների նման ընթացքը «Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող ապաշնորհ և դավաճանական վարչախմբի իրականացրած պարտվողական քաղաքականության հետևանք է», որը պարբերաբար հանգեցնում է պետական կառավարման և անվտանգային ճգնաժամերի, ինչի հետևանքով խաթարվում է երկրի ներքին կայունությունը, ստեղծելով նաև նորանոր մարտահրավերներ արտաքին քաղաքական միջավայրում։

«Սյունիքում և Հայաստանի սահմանամերձ այլ շրջաններում ստեղծված անվտանգային մարտահրավերները դիմագրավելու նպատակով խիստ անհրաժեշտ ենք համարում ներքաղաքական կյանքում ազգային և առողջ ուժերի համախմբումը, ինչպես նաև մեր բանակի՝ հնարավորին արագ վերականգնումն ու հզորացումը, իսկ արտաքին քաղաքական ասպարեզում ռազմավարական դաշնակից և բարեկամ պետությունների հետ նոր որակի արժանապատիվ գործընկերային հարաբերությունների կառուցումը», - հայտարարում է կուսակցության խորհուրդը՝ շարունակելով․ - «Դավաճանական վարչախումբը որևէ ապագա չունի Հայաստանում և պետք է օր առաջ հեռացվի»։

Հիշեցնենք՝«Հայրենիք» կուսակցությունը հունիսի 20-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի Հանրապետական կուսակցության հետ դաշինքով։ Ամենայն հավանականությամբ ՀՀԿ-«Հայրենիք» ցուցակը կգլխավորի Արթուր Վանեցյանը։

XS
SM
MD
LG