Մատչելիության հղումներ

Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել Սյունիքի իրադարձություններին


Սյունիք, արխիվ

Թեև Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները դեռևս երեկ երեկոյան հեռախոսազրույց են ունեցել իրենց ռուս գործընկերների հետ, պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել Սյունիքի իրադարձություններին:

Երեկ «Ռիա Նովոստին» հայտնեց, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել: Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են իրավիճակն այն տարածքներում, որտեղ առաջադրանքներ է կատարում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: Այս կարճ հաղորդագրությունում բառ անգամ չկա Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին, թեև ադրբեջանական զինված ստորաբաժանումն անցել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք և առաջ գնացել շուրջ 3,5 կիլոմետր, ինչի մասին հայտնել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը, և ինչին անդրադարձել են ռուսական բոլոր լրատվական գործակալությունները` մի մասը շեշտելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, որ Հայաստանի տարածքում են ռուսական ռազմական բազաներ, և որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է:

Երեկ Ռուսաստանի արգործնախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը: Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի պետական սահմանին տեղի ունեցած վերջին միջադեպի մասին և նշել ադրբեջանական կողմից նման սադրանքների հրահրման անթույլատրելիությունը: Երկուստեք կարևորվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության սրումը կանխարգելող քայլերի համադրումը:

Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում Սյունիքի մասին բառ չկա, նշված է միայն, որ «հեռախոսազրույցի ընթացքում ռուսական կողմից հաստատվեց հրադադարի ռեժիմի խիստ պահպանման, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների այլ դրույթների անշեղ կատարման անհրաժեշտությունը»: «Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է այսուհետ ևս ամեն կերպ աջակցել Հարավային Կովկասի իրադրության հետևողական կարգավորմանը»:

Հավելենք` հետպատերազմյան շրջանում պաշտոնական Մոսկվան հնարավորինս զգույշ է իր հայտարարություններում։ Իսկ Սյունիքում իրավիճակը սրվել է Ռուսաստանի արտգործնախարարի Բաքու կատարած այցից անմիջապես հետո։

Բաքվում Սերգեյ Լավրովը որևէ հայտարարություն այն մասին, օրինակ, որ ղարաբաղյան խնդիրը վերջնականապես կարգավորված չէ, և Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, չի արել, թեև այս մասին պաշտոնական Մոսկվան պարբերաբար հայտարարում է։

Լավրովի Բաքու կատարած այցի շրջանակներում արված հայտարարություններից պարզ դարձավ նաև, որ թեև Մոսկվան, Բաքուն և նույնիսկ Երևանը պարբերաբար հայտարարում են, որ տրանսպորտային հաղորդակցությունների շուրջ եռակողմ աշխատանքային խումբը արդյունավետ աշխատում է, կոնկրետ որոշումներ թե՛ երթուղիների, թե՛ կառուցման աշխատանքների ժամկետների շուրջ դեռ չկան: Բացի այդ, Լավրովը Բաքվում նաև հայտարարեց, որ երկաթգծի կառուցման հարցում պետք է հաշվի նստել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում` Իրանի շահերի հետ։

Ռուսական մամուլը երեկ երեկոյան ակտիվ արձագանքել է պաշտոնական Երևանի հայտարարությանը, որ Սյունիքում Սև լճի շրջանում ադրբեջանական զորքերը 3,5 կիլոմետր առաջ են եկել ու հրաժարվում են հեռանալ։ РБК-ն, մասնավորապես «Փաշինյանը Բաքվին մեղադրել է Սյունիքի պատճառով Հայաստանի տարածք ոտնձգության մեջ» հոդվածում հիշեցնում է, որ դեռևս մայիսի սկզբին Փաշինյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզում ստեղծվել են102-րդ ռուսական ռազմաբազայի երկու հենակետեր։

«Սա լրացուցիչ երաշխիք է ոչ միայն Սյունիքի մարզի, այլև Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ հանրապետության բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացնում է հայ-ռուսական զորքերի համատեղ խմբավորումը», - գրում է РБК-ն։

Ի դեպ, անցած շաբաթ Ռուսաստանի արտգործնախարարը Երևանում հայտարարել էր, թե ռուս խաղաղապահները կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման գծի հստակեցման, այն անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ։ «Անկասկած, Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերը իրագործվեն", - Երևանում հայտարարել էր Սերգեյ Լավրովը։

XS
SM
MD
LG