Մատչելիության հղումներ

Իսրայելաբնակ մեր հայրենակցի փոխանցմամբ՝ հայերի շրջանում տուժածներ չկան


Ռմբապաստարան Թել Ավիվում

Իսրայելում արդեն 18 տարի ապրող Արտյոմ Չերնամորյանը ապաստարանից շատ հեռանալ չի կարող, ամեն վայրկյան կարող է հնչել շչակը՝ հրահանգելով պատսպարվել։

Արդեն չորրորդ օրն է հագուստով են քնում, որ անհրաժեշտության դեպքում տնից արագ դուրս փախչեն․ - «Ցանկացած պահի սպասում ես շչակների։ Շատ չենք հեռանում ռմբապաստարաններից։ Որտեղ որ մարդիկ աշխատում են, այդ տեղերում կան պաշտպանված սենյակներ։ Չնայած բնակչության մեծ մասը չունեն պաշտպանված սենյակներ իրենց բնակարաններում, հիմնականում պատսպարվում են աստիճանների մոտ»։

Անցած գիշերը նույնպես Իսրայելը շարունակել է հարվածները պաղեստինյան Գազայի հատվածին, իսկ «Համաս» խմբավորումը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի քաղաքների ուղղությամբ։

Թել Ավիվի արևելքում գտնվող Պետախ Տիկվա քաղաքում ապրող զրուցակիցս պատմում է, որ պայթյունի ձայները լսելի էին իրենց բնակարաններում։ Նրա տան հարևանությամբ նույնպես հրթիռ է ընկել․ - «Վեց վիրավոր կա։ Բոլորի վիճակը նորմալ է։ Ծանր վնասվածք է ստացել միայն մեկ մարդ։ [Հրթիռը] Ընկել է շենքի բակը, շատ խիտ բնակեցված երեք շենքի հենց մեջտեղում է ընկել։ Էնտեղ գազի բալոններ են, ամբողջը բռնկվել է, շենքերի ներքևի հարկերն էլ են բռնկվել, հրդեհ է առաջացել, և բավականին վնասվել են շենքերը, մեքենաներ են այրվել»։

Այստեղ նաև հայեր են եղել, սակայն, Չերնամորյանի խոսքով, նրանց շրջանում տուժածներ չկան․ - «Աշկելոնում կան հայեր, մի քանի ընտանիքներ են ապրում։ Աշկելոնն է հիմնականում թիրախի տակ։ Հայերի շրջանում տուժածներ չկան բարեբախտաբար»։

Իսրայելաբնակ հայերը սոցցանցերի էջերում տեղադրել են գիշերային հարձակման կադրերը։

Իրավիճակը, ըստ Իսրայելում ապրող մեր հայրենակցի, ավելի է սրվել, քանի որ տարբեր հատվածներեւմ զինված մարդիկ են շրջում ՝ և՛ արաբներ, և՛ հրեաներ, մեքենաներ այրում, վնասում միմյանց․ - «Տարբեր քաղաքներում լսում ես դեպքեր, որ այստեղ մի արաբի են դանակահարել, այնտեղ մի հրեայի գլուխ են կոտրել․․․»

Նա ասաց, որ տանից դուրս են գալիս միայն աշխատանքի գնալու, սնունդ ձեռք բերելու համար։

Իսրայելի տարբեր քաղաքներում հայկական համայնքները կապի մեջ են, և, Չերնամորյանի խոսքով, այս պահին տարհանման հարց չի առաջացել։ Հյուսիսում ապրող հայկական ընտանիքները պատրաստակամություն են հայտնել ընդունել վտանգավոր գոտիներում ապրող հայերին․ - «Մեր մոտ խուճապ, կամ իրարանցում, կամ ժողովրդին էվակուացնելու, Հայաստան ուղարկելու, նման միտումներ այս պահին չկան»։

Հայկական թաղամաս ունեցող Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ համայնքում չկան վիրավորներ, զոհեր կամ տեղահանվածներ․ - «Հայկական թաղամասում խուճապի կամ վախի մթնոլորտ չի տիրում, միայն առկա է մտահոգութիւն, որը պայմանավորված է շարունակուող լարուածութեամբ: Այս օրերին կանոնաւոր կերպով կատարուել են եկեղեցական բոլոր արարողութիւնները, կրթական հաստատութիւններում շարունակուել են դասընթացները: Պատրիարքութիւնում բոլոր գրասենեակները շարունակում են իրենց աշխատանքը»։

XS
SM
MD
LG