Մատչելիության հղումներ

Իրադրությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում կտրուկ սրվել է


Իսրայելցիների և պաղեստինցիների բախումներ, 11-ը մայիսի, 2021թ.

«200 հրթիռ Իսրայելի ուղղությամբ, առնվազն 130 խոցված պաղեստինյան թիրախ Գազայում», - այսպես կարելի է ամփոփել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում անցած գիշեր ծավալված իրադարձությունները։

Գազայի հատվածը վերահսկող «Համաս» շարժումը Իսրայելի տարածքը սկսեց ռմբակոծել երեկ երեկոյան՝ այն բանից հետո, երբ Իսրայելի կառավարությունը չկատարեց խմբավորման առաջ քաշած վերջնագիրը՝ դուրս բերել բոլոր ոստիկանական ուժերը մահմեդականների կարևորագույն սրբավայրերից մեկը համարվող Երուսաղեմի Ալ-Աքսայի մզկիթին հարող տարածքներից։

Նախ, «Համասը» մի քանի հրթիռ արձակեց Երուսաղեմի ուղղությամբ՝ առաջին անգամ 2014 թվականից ի վեր։ Գիշերն ու վաղ առավոտյան «Համասի» կողմից հասցված հարվածների հիմնական թիրախները դարձան Իսրայելի հարավում գտնվող բնակավայրերը՝ նախևառաջ Աշքելոն քաղաքը։

«Սկզբում պայթյունի ձայն լսվեց, ապա միացավ տագնապի ազդանշանը։ Ծխի հոտ էր զգացվում, ամենուրեք ապակու փշուրներ էին։ Բոլոր բնակիչները դուրս վազեցին, քիչ անց ժամանեց ոստիկանությունը և սկսեց աշխատել», - առավոտյան հրթիռակոծության մանրամասներն էր ներկայացնում Աշքելոնի բնակիչ Վիկտոր Վազյանը։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով վեց իսրայելցի վիրավորվել է, բնակելի մեկ շենք վնասվել է։ Իսրայելի զինված ուժերը, սակայն, հայտարարում են, որ երկրի հակաօդային պաշտպանության համակարգը՝ այսպես կոչված «Երկաթե գմբեթը» կարողացել է ոչնչացնել «Համասի» կողմից արձակված հրթիռների մեծ մասը։

Բացի այդ, իսրայելական բանակը ողջ գիշերվա ընթացքում պատասխան հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ «Համասի» հրամանատարներից մեկը։ Զոհերի մեծ մասը, սակայն, տեղացիների պնդմամբ, խաղաղ բնակիչներ են։

«Հարվածել են շենքի ետնամասին, այնտեղ բնակվող կանանցից մեկն է զոհվել իր որդու հետ։ Զոհվել է նաև վերին հարկի բնակիչներից մեկը», - Reuters-ի թղթակցի հետ զրույցում նշում էր Գազայի բնակիչներից մեկը։

Շուտով, սակայն, Գազայի բնակիչները կարող են զրկվել արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփվելու հնարավորությունից։ Այսօր առավոտյան Իսրայելի իշխանությունները հայտարարեցին, որ օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների մուտքը Գազայի հատված անորոշ ժամկետով արգելվում է։ Դիտորդներից շատերի կարծիքով՝ այդ քայլը վկայում է իսրայելական նոր հարվածների անխուսափելիության մասին։

Երեկոյան կողմ իրադրությունը Գազայի հատվածի և Իսրայելի սահմանագծին շարունակում էր լարված մնալ։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ «Համասի» զինյալների կողմից իրականացված հրթիռակոծության հետևանքով Աշքելոն քաղաքում երկու զոհ կա։ Իսրայելական աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՕՊ ուժերը միջինը երեք րոպեում մեկ պաղեստինյան հրթիռ են ոչնչացնում։ «Համասն» իր հրթիռակոծությունն առավել արդյունավետ դարձնելու համար Գազայի հատվածի միանգամից մի քանի կետերից միաժամանակ 60 հրթիռ է արձակում՝ դժվարացնելով ՀՕՊ համակարգի աշխատանքը։

Հիշեցնենք, որ իրավիճակը իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում կտրուկ սրվեց այն բանից հետո, երբ մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսվա ընթացքում Իսրայելի ոստիկանությունը սահմանափակեց պաղեստինցի հավատացյալների մուտքը Ալ-Աքսա մզկիթ։

Դրան զուգահեռ մեկնարկեց մի շարք արաբական ընտանիքների վտարումը Արևելյան Երուսաղեմում գտնվող իրենց տներից, ինչը, Պաղեստինի իշխանությունների համոզմամբ, քաղաքի ժողովրդագրական պատկերի փոփոխությանն ուղղված հերթական քայլն է իսրայելցիների կողմից։

Բախումները գագաթնակետին հասան երեկ, երբ Իսրայելում նշում էին 1967 թվականի վեցօրյա պատերազմի ընթացքում Երուսաղեմի գրավման 54-րդ տարելիցը։

Ավանդաբար այդ օրը հազարավոր հրեաներ երթով անցնում են Երուսաղեմի կենտրոնական փողոցներով։ Ուշագրավ է, որ չնայած ծագած լարվածությանը Իսրայելի կառավարությունը որոշեց չչեղարկել տոնական միջոցառումները։ Դրանց ծավալը, սակայն, զգալիորեն սահմանափակվեց այն բանից հետո, երբ «Համասի» առաջին հրթիռային հարվածը համընկավ շքերթի մեկնարկի հետ։

XS
SM
MD
LG